Միջազգային ճնշման համար պետք է ունենաս արտաքին քաղաքական թիմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի վրա գերիների հարցով միջազգային ճնշում գործադրելու մասին:


«Հիմա եկեք նայենք, թե ովքեր են այդ ճնշումը կազմակերպողները՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարարը, Ռուբեն Ռուբինյանը, էլ ով կա: Այդ մարդկանցից դուք սպասում եք, որ ինչ-որ արտաքին միջազգային կոալիցիա ձեւավորեն, որը կճնշի Ադբեջանին ու Թուրքիայի՞ն: Պետք է լուրջ բաներից խոսել: Անհնար է, չենք կարող որեւէ բան անել: Այլ բան է, որ մեր ժողովրդին անընդհատ ինչ-որ ստերով կերակրելով բաներ են անում: Այդ մարդիկ անգամ չգիտեն, որ հակամարտությունն ավարտված չէ, հետեւաբար այս ընթացքում ով գերի է ընկնում, ռազմագերի է: Այդ պարզ տեքստը չեն կարողանում ասել: Ասում են, որ պետք չէ թշնամություն անել»,-ասաց նա:

Մարուքյանը կարծում է, որ կարելի է հավաքել Հայաստանում ու Սփյուռքում եղած լավագույն ներուժը, ձեւավորել թիմ եւ շտկել իրավիճակը, հունի մեջ գցել երկիրը, իսկ այն թիմը, որը կա, միայն ինտերվյու կարող է տալ, խոսել, 600 հոգով ախրանիկներով գնալ գյուղ:

«Այլ բան չեն կարող անել: Իրենք մի բան ունեն անելու, մի լավություն՝ ընտրություններով հեռանալ, որը հիմք կդնի ՀՀ-ում ընտրություններով հեռանալու: Որեւէ այլ բան չեն կարող անել»:

Նա ասաց, որ ընտրություններով պետք է հեռանան, որպեսզի մեծամասնությունը խորհրդարանում փոխվի: