Ինչպես արդեն հայտնել ենք, ապրիլի 11-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքը։ Հարսանիքից հետո տեղի ունեցավ մոտ կես ժամ տևող հրավառություն։

ArmDaily.am-ի հարցին ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց. «Ապրիլի 11-ին Կոտայքի մարզի «Փարավոն» ռեստորանային համալիրում իրականացվել է հրավառություն՝ չպահպանելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 180-րդ հոդվածի պահանջները։ Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից հրավառության կազմակերպչի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Իրականացվում է վարչական վարույթ»։

Նշենք, որ օրենքը չի արգելում հրավառություն իրականացնել, բայց այն արգելում է գիշերային ժամերին, երբ անհրաժեշտ է խստագույնս պահպանել լռության կանոնները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 180-րդ հոդվածը, ի թիվս լռության պահպանմանը վերաբերող մի շարք կանոնների, սահմանում է, որ «գիշերային ժամանակ՝ ժամը 23-ից 7-ը, հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ` օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով:

Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` արդեն 200 հազար դրամի չափով: Եթե հրավառությունն իրականացվում է հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցառեստորանային համալիրների, ժամանցի և զվարճանքի վայրերի տնօրինության կողմից, ապա զանցանքն առաջացնում է տուգանքի նշանակում` 300 հազար դրամի չափով։ Վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում, այս դեպքում` 1 միլիոն դրամի չափով։