ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա պաշտպան Արամ Վարդևանյանը կորոնավիրուսի թեստ են հանձնել և մեկուսացել։ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով այսօրվա դատական նիստի ժամանակ հայտնեց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով դատական նիստը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Քոչարյանը ներկա չէ նիստին։


«Ելնելով Քոչարյանի մոտ առկա ախտանշաններից` նա ունեցել է բժշկական ցուցում, որպեսզի կորոնավիրուսի թեստ հանձնի։ Փաստաթուղթը կա, որ նա բժշկական ցուցումով է հանձնել կորոնավիրուսի թեստ։ Հարցն այն է, որ նրա մերձավոր շրջապատում հաստատված կորոնավիրուսի դեպք է եղել` Քոչարյանը կոնտակտավոր է»,–ասաց Ալումյանը։

Նրա խոսքով` քանի դեռ թեստի բացասական արդյունք չի եղել, Քոչարյանը հայտնել է, որ չի ուզում վտանգել որևէ մեկին։
Ալումյանը հայտնեց նաև, որ դռնփակ նիստում կարող է հայտնել, թե ում հետ է կոնտակտավոր եղել Քոչարյանը։ Պաշտպանը միաժամանակ նշեց` եթե դատարանը գտնի, որ անհրաժեշտ է Քոչարյանի ներկայությունն այդ պայմաններում, ապա նա կներկայանա դատարան։