Հայաստանի սահմաններին թուրքերի շարունակական սադրանքները, Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները մեկնաբանվեցին որպես ռուսական «խաղաղարարությունը» վարկաբեկելու, կասկածի տակ դնելու Բաքվի փորձ, եւ որ դրանք կրակոցներ են ռուս «խաղաղապահների» ուղղությամբ: Նկատելի է մի կողմից ռուսներին սիրաշահելու, մյուս կողմից «թասիբի գցելու» ինչ որ միտում, կամ անզորությունից, կամ իրավիճակի անհամարժեք գնահատականից:


Ստեփանակերտի եւ այլ բնակավայրերի դեմ կրակոցները կրակոցներ են բացառապես Հայաստանի ուղղությամբ: Եթե դրանք կրակոցներ լինեին «խաղաղապահների» ուղղությամբ, ապա կլինեին հենց նրանց ուղղությամբ: Այլաբանության դիմելու իմաստ այստեղ չկա, իմաստները պետք է փնտրել հակառակ տրամաբանությամբ:

Ինչպես եւ ինչի համար են ռուս «խաղաղապահները» հայտնվել Արցախում՝ հայերի պարտության եւ Շուշին ու Հադրութը հանձնելու պայմանով: Նրանց խնդիրը մնացած հայ բնակչության անվտանգության ապահովումը չէ, այլ Ռուսաստանի դանդաղ նահանջը Հարավային Կովկասից: Ակնայում թուրքերի հետ համատեղ կենտրոնը, հաղորդակցությունների վերահսկողությունը հայկական հնարավոր նախաձեռնությունները եւ ռեւանշը բացառելու երաշխիք են թուրքերին:


Ռուսական «խաղաղարարությունը» չի կարող անջատ լինել Կրեմլի քաղաքականությունից, որը հստակ հայտարարվել է Մոսկվայից՝ Արցախն Ադրբեջանի տարածք է, Արցախի կարգավիճակի խնդիր գոյություն չունի: Մոսկվան կարգավորում է համարում Բաքվի ու Անկարայի հետ համաձայնությունները, հանդես գալով որպես դրանց երաշխավոր: Կրկնենք՝ այս ամենը հստակ հայտարարվել է Կրեմլից, ՌԴ ԱԳՆ-ից ու ՊՆ-ից:

Ռուսական «խաղաղարարությունն» այս քաղաքականության իրացումն է: Հետպատերազմյա շրջանում մենք ականատեսն ենք հայության դեմ Մոսկվայի ու Բաքվի ծավալած զանգվածային հոգեբանական պատերազմի նոր փուլին, որի մեջ լուրջ տեղ է հատկացվում եւ հատկացվելու է սադրանքներին: Դրանք թե կրակոցներն են հայ բնակչության դեմ, թե պատանդառությունը, թե հայ ինքնության՝ եկեղեցու, լեզվի, պատմամշակութային ժառանգության դեմ ծավալված արշավը: Ռուս «խաղաղապահները» ֆուտբոլի մրցաշար են կազմակերպում Ապրիլի 24-ին, մզկիթներ կառուցում Ակնայում ու Ստեփանակերտում, Արցախի հեռուստատեսությամբ «համակեցության» խրատներ կարդում:

Ռուս «խաղաղապահների» դեմ Բաքվից ժամանակ առ ժամանակ հնչող դժգոհություններն այս ժանրից են՝ ուժեղացնել հայերի հավատը եւ հույսերը ռուսական «խաղաղարարության» հետ: Այս ֆոնին, «Դա կրակոց էր ռուսների դեմ, Ռուսների հետ լավ լինեինք՝ այդպես չէր լինի, Պետք է ավելի խորացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները» եւ այս տիպի ապուշությունները դեռեւս շարունակում են զբաղեցնել մեդիա-քաղաքական դաշտը: 200 տարի շարունակվող այս ապաքաղաքական, կենցաղային «հավատամքը» հայ ժողովրդին արժեցել է միլիոնավոր զոհեր եւ պատմական հայրենիքի կորուստ:

Մոսկվան ներկայում իրականացնում է հայերի հանդեպ իր 200-ամյա առաքելության վերջին արարն իր անփառունակ հեռացումից առաջ: Կա՞ն դիմադրության հնարավորություններ: Անշուշտ կան, եւ այդ հնարավորությունները երկրի անվտանգությունը Մոսկվային հանձնած Նիկոլի խմբից ու նրան «դիմակայող» ռուսամերձ խմբավորումներից դուրս են: