«Հրապարակ» թերթը գրում է. «Իրավապահները խոշորացույցի տակ են վերցրել քիչ թե շատ հայտնի բոլոր այն անձանց, ովքեր իշխանության հետ չեն։ Հազարավոր քրեական գործեր են հարուցվել՝ մարզերում պաշտոն եւ բիզնես ունեցող անձանց դեմ։ Զանգվածային ստուգումներ են անում համայնքապետարաններում։

Քաղաքական հետապնդումների գործիք է դարձել հատկապես Պետական վերահսկողական ծառայությունը, որն արդեն 2 ամիս է՝ ստուգումներ է իրականացնում Սյունիքի համայնքներում։ Միայն Քաջարան չեն մտել, քանի որ աշխատակիցները չեն բավականացրել։ Ստուգել են Գորիսի, Սիսիանի, Մեղրիի համայնքապետարանները, շատ մանրակրկիտ, օրինակ, Սիսիանի քաղաքապետարանի պատն են փորել, որ չափեն գաջի հաստությունը, Գորիսում ասֆալտի երկարությունն ու լայնությունն են միլիմետրերով չափել։ Բայց, ի ցավ իրենց, հայտնաբերել են, որ Գորիսում 2 միլիոն դրամ հատկացվածից ավելի է ծախսվել, քաղաքապետը համայնքի կարիքների համար իր անձնական միջոցներն է ծախսել։

Ավելի վաղ Սպիտակի համայնքապետարանն էին ստուգել, քաղաքապետին ներկայացված ակտում գրեթե ոչ մի խախտում չի արձանագրվել, բայց ՀՔԾ-ն ստուգումների արդյունքներով քրեական գործ է հարուցել։ Չի բացառվում, որ նույն ճակատագրին արժանանան նաեւ Սյունիքի համայնքապետերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում