«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ Սեւանում գտնվող առանձնատան տարածքում չափագրումներ են իրականացվում, ինչը նշանակում է, որ առաջիկայում այդ տարածքում կրկին ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվելու: Ինչպես հայտնի է, դեռ 2020թ. սեպտեմբերի 6-ին Սեւանում ապամոնտաժվեցին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան տարածքում գտնվող այն շինությունները, որոնք տեղակայված են սահմանված նիշից (1903 մ-խմբ.) ներքեւ։ Այդ ժամանակ հայտարարվեց, թե ապամոնտաժումը արվում է Վլադիմիր Գասպարյանի համաձայնությամբ եւ գիտությամբ: Սակայն այժմ, փաստորեն, չափագրման նոր աշխատանքներ են կատարվելու, եւ կրկին ապամոնտաժում կկատարվի:

Նշենք, որ տարածքը Գասպարյանի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի անունով է գրանցված։ Շքեղ ամառանոցը գտնվում է Սեւանի արեւելյան ափում՝ Սեւան-Շորժա ճանապարհի հարեւանությամբ՝ Ծիծեռնակ եւ Դրախտիկ գյուղերի միջեւ ընկած հատվածում։ Երկու պարսպով պաշտպանված, ներսում փոքր մատուռով հսկա տարածքն առաջին անգամ կառուցապատվել է 2004-ին։ Փաստորեն՝ հետպատերազմական Հայաստանում միակ խնդիրը, որ մնացել է լուծելու, Գասպարյանի առանձնատան որոշ մասերն են. դա որ քանդվի, մնացած հարցերը ինքնաբերաբար կկարգավորվեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։