2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ մեկը չի ասել, որ զենքը պրծավ: Այսօր Շենգավիթում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերից հետո հանդիպման մասնակիցներից մեկն ասաց, որ Արցախում եղել է նման բան, որ զենքի պակաս լինի: Երիտասարդն ասաց, որ պատերազմի ժամանակ, երբ դրվագներից մեկում թշնամուն բարեհաջող ելման դիրքեր են շպրտել, հակատանկային միջոցները սպառվել են, խնդրել են, որ հրամանատարական կազմը զինամթերք տա, սակայն մերժել են: Նա նշեց, որ ծնունդով արցախցի բարձրաստիճան սպային խնդրել են, համոզել, որ զինամթերք մատակարարեն:

Փաշինյանը նշեց, որ պետք չէ տարանջատում անել: Նա նաև մի դրվագ պատմեց՝ նշելով, որ դա խելագարվելու բան է:

Փաշինյանի խոսքերով, երբ պատերազմ է սկսվում, առաջին գործողությունը լինում է պահեստները դատարկելն ու զինվորներին զորամասերից հանելը, քանի որ ենթադրվոմ է՝ հակառակորդը գիտի դրանց տեղերը. «Պատերազմում եղել է մի դրվագ, որը հավանական է կապ ունի ձեր նշած միջադեպի հետ: Մենք ունենում ենք բավականին մեծ քանակությամբ հակատանկային միջոցներ, դրանք ուղարկել ենք Իքս ուղղությամբ, այն հայտնվում է զորամասերից մեկի պահեստում, որը մի ժամ հետո ռմբահարվում է, զինամթերքը ոչնչացնում է: Տանեին մի ծառի տակ դասավորեին, ավելի տրամաբանական կլիներ: Ընդ որում, դա 25 տարվա զորամաս է եղել: Տարել, դրել են այդ պահեստի մեջ, մի ժամ հետո անօդաչուներով հարձակվում են ու մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչանում է: Ինչ մտածես, անգրագտիտությո՞ւն է, կարող է լինել, բայց շատ դաժան անգրագիտություն է»: