«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը գրառմամբ մեկնաբանել է, թե ինչու չի ընդգրկվել ԼՀԿ նախընտրական ցուցակում։

Նա, մասնավորապես, նշել է, որ «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական ցուցակում իր ընդգրկված չլինելու հանգամանքը հենց իր որոշման արդյունքն է, որը պայմանավորված է Օրենսդիր մարմնում իր գործունեությունը չշարունակելու և իրեն շատ ավելի հոգեհարազատ ֆինանսատնտեսական ոլորտ վերադառնալու ցանկությամբ։

«Նույնիսկ անկուսակցական լինելով հանդերձ՝ միշտ եղել եմ և կմնամ «Լուսավորչականության» և ազգային միասնականության գաղափարների կրողը։ Համոզված եմ, որ կրթության և գիտության զարգացումը պետք է լինի մեր երկրի ապագա զարգացման հիմքն ու առանցքը։ Անկախ գալիք ընտրությունների արդյունքներից՝ կոչս բոլոր քաղաքական ուժերին կլինի՝ որևէ պարագայում չգնալ վենդետաների, հանուն մեր պետականության պահպանման և ժողովրդի անվտանգության, հանուն զոհված և հերոսացած հայորդիների հիշատակի՝ վեր կանգնել նեղ կուսակցական շահերից, ապահովել ազգային միասնականությունն ու համախմբումը, ստեղծել ազգային համերաշխության հարթակ, հրավիրել բոլոր պրոֆեսիոնալ, բանիմաց, փորձառու և տեսլական ունեցող մարդկանց, այդ թվում՝ սփյուռքից, առանց «սևերի և սպիտակների»։ Ի հեճուկս թշնամու՝ մենք ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին, ուս ուսի տված, անելու ենք գիտելիքով, քրտնաջան աշխատանքով և մեր միասնականությամբ», – նշել է նա։