Վերջին օրերին ակտիվացել են լուրերն այն մասին, որ մասնավոր խոշոր ընկերություններում նախկին և ներկա իշխանություններն ակտիվ քարոզարշավ են իրականացնում։ Համաձայն շրջանառվող լուրերի, նման իրավիճակ է նաև Վիվա-ՄՏՍ-ում։
Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այս ընկերությունում ազդեցության հավասարություն է, քանի որ Վիվա-ՄՏՍ-ը հատուկ արտոնություններ է ստացել նախկին իշխանությունների օրոք և սերտորեն համագործակցել է վերջինների հետ։ Միաժամանակ, հեղափոխությունից հետո Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ոչ միանշանակ, սակայն, այնուամենայնիվ «լեզու է գտել» ներկայիս իշխանությունների հետ (չնայած աղմկահարույց մի շարք միջադեպերի՝ գաղտնալսումների և Ղ-Տելեկոմի շուրջ)։
Անկանխատեսելի ընտրությունների և ագրեսիվ քարոզարշավի այս օրերին, մեր տեղեկությունների համաձայն, Յիրիկյանը փորձում է «լողալ ու մնալ ջրի երեսին»՝ չնեղացնելով ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին։
Ասում են, որ ընկերության ստորաբաժանումների ղեկավարներն «անտեսանելի քարոզարշավ» են սկսել իրենց աշխատակիցների շրջանում։ Համաձայն ընկերության աշխատակիցներից ստացվող տեղեկությունների, երկարամյա աշխատակիցների և ղեկավար կազմի առաջ պահանջ է դրված ընտրություններին քվեարկել Ռոբերտ Քոչարյանի օգտին, իսկ նոր աշխատակիցներին (որոնց թիվը փոքր է), ցուցադրաբար առաջարկվում է ընտրել ներկա իշխանություններին կամ ցանկացած ուժի, որին համակրում են։ Ըստ շրջանառվող լուրերի, ընկերության ինժեներատեխնիկական և մարզային աշխատակիցներին ևս առաջարկվում է ընտրել ներկայիս իշխանություններին, կամ ցանկացած այլ ուժի։