ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Օնիկ Գասպարյանն այսօր արձագանքել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որի ժամանակ ոչ միայն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել, այլ նաև ուշագրավ հայտարարություն է արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Լսիր Նիկոլ՝ պարկեշտության սահմանները մի անցնի։ Ես գիտեմ, որ դու էժանագույն շոուների մեծագույն վարպետ ես և պետության կառավարման հարցերում բացարձակ անկարողությունը քողարկում ես հասարակությանը կերակրելով անհիմն զգացմունքային հայտարարություններով։

Ի դեպ՝ բուկլետ բաժանելը քեզ մոտ շատ լավ է ստացվում (չնայած պարբերաբար բուկլետով խփում են դեմքիդ մետրոներում)։

Իսկ Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի և հավանական է այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար։

Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Այս հայտարարության առնչությամբ «Առաջին լրատվական»-ը մեկնաբանություն խնդրեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանից, որը նույնպես ներկա է եղել վարչապետի աշխատասենյակում կայացած այդ հանդիպմանը:

Ռուբինյանը հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանը պարզապես ստում է. «Ես չեմ կարծում, որ այստեղ կան փոխադարձ մեղադրանքներ, կա ճշմարտություն և սուտ: Նախ հարկ չեմ համարում անդրադառնալ Օնիկ Գասպարյանի խոսքի տոնայնությանը, երբ խոսում է երկրի ղեկավարի և իր նախկին ղեկավարի մասին: Դա թողնում եմ հանրության դատին:

Ինչ վերաբերում է բովանդակությանը, կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն անամոթաբար ստում է: Նոյեմբերի 9-ին ես անձամբ ներկա եմ եղել վարչապետի աշխատասենյակում այն հանդիպմանը, որի մասին խոսվում է: Այդ հանդիպմանը ներկա է եղել վարչապետը, ես, Օնիկ Գասպարյանը և ևս 7-8 այժմ արդեն նախկին և գործող պաշտոնյաներ, որի ժամանակ քննարկվել է հետևյալը. եղել է հայտարարության այն տարբերակը, որի մեջ այո, եղել է կետ, այսպես կոչված Ղազախի գյուղերի մասին: Եթե կհիշեք, հենց այդ օրը արտահոսք էր եղել մամուլ: Այդ տարբերակի առնչությամբ Օնիկ Գասպարյանն իմ աչքի առաջ ասել է՝ եթե դա չհաջողվի հանել, պետք է համաձայնել: Դրանից 1-2 կամ 3 ժամ անց կրկին իմ ներկայությամբ վարչապետի աշխատասենյակում Օնիկ Գասպարյանը զանգահարել է վարչապետին և խնդրել, որպեսզի նա համաձայնի այդ տարբերակին: Ու կրկին իմ ներկայությամբ վարչապետը արձագանքել է, որ ոչ, ես ոչ մի դեպքում այդ տարբերակին չեմ համաձայնելու և չեմ ստորագրելու փաստաթուղթը այդ տեսքով: Դրանից հետո հայկական կողմի պնդմամբ այդ կետը հանվել է և դարձել է հայտնի հայտարարությունը: Այսինքն Օնիկ Գասպարյանը պարզապես սուտ է խոսում:

Ես որպես ականատես կարող եմ ասել, որ Օնիկ Գասպարյանն ասել է, որ պետք է համաձայնել դրան:

Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանը պետք է դադարի սուտ խոսել, մանավանդ, որ այն հանդիպմանը, որի մասին ինքը խոսում է, ներկա է եղել մոտ մեկ տասնյակ մարդ, որոնք կարող են հաստատել իմ խոսքերը»: