Hraparak.am-ը զրուցել է Էրեբունու նախկին թաղապետ, «Պատիվ ունեմ» դաշինքով ներկայացված թեկնածու Դավիթ Գրիգորյանի հետ

- Պարոն Գրիգորյան, մինչ 2018-ի իշխանափոխությունը, Դուք Էրեբունի վարչական շրջանի ղեկավարն էիք։ Բայց երբ մերժեցին Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը, ավտոմատ Դուք էլ հայտնվեցիք մերժվածների շարքում ու ազատվեցիք թաղապետի պաշտոնից։ Կա՞ր տարբերակ՝ մնալ պաշտոնին և շարունակել աշխատանքը այս իշխանությունների հետ։

- Ձեր հարցին պատասխաելու համար նախ մի պատմական էքսկուրս անցկացնեմ։ Դուք ասում եք՝ 2018 թվականին ժողովուրդը մերժեց Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին։ Տեսեք, 90-ականների սկզբին, երբ սկսվեց մեր ազգային-ազատագրական պայքարը, Արցախի ազատագրական պայքարը և Հայաստանի Հանրապետության անկախության համար պայքարը, Հանրապետական կուսակցության հիմնադիրներն ու ՀՀԿ-անդամներից շատերը մասնակցել են այդ ազատագրական շարժմանը, թե՛ պատերազմին, և թե՛ անկախության կերտմանը։ Եվ այդ ընթացքում, անկախության ձեռքբերումից հետո ՀՀԿ-ն առաջին կուսակցությունն էր, որը 30 տարիների ընթացքում իր առաջնորդների միջոցով ձևավորվեց, որպես լուրջ և կայացած կուսակցություն, որը կերտեց մեր անկախությունը, մեր ազատագրական պայքարը, բերեց հասցրեց իր մկայնացման աստիճանին՝ իր բացթողումներով հանդերձ, իհարկե, ինչպես նաև բանակի կայացման գործում ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հանրապետական կուսակցությունը։ Եվ հիմա հարց է առաջանում՝ էդ ժողովո՞ւրդը մերժեց, ի դեմս Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցությա՞նը, թե՞ մերժեց մեր 30 տարիների ձեռքբերումը, որին մենք ամբողջ ժողովրդով մասնակցություն ենք ունեցել, ունեցել ենք մեր երազած պետությունը, ի վերջո, անկախ պետություն, ունեցել ենք բանակ և ազատ Արցախ։

- Ամբողջ խնդիրն այն էր, որ ժողովուրդն ասում էր՝ մեր երազած այդ պետությունն այնքան էլ մեր երազանքների ճանապարհով չի գնում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը ճիշտ չի կառավարում երկիրը, որ կա արտագաղթ, սոցիալական խնդիրներ կան, ուստի պետք է այնպիսի հզոր, ժողովրդական ուժ գա իշխանության, որ երկիրն ազատի «նախկին թալանչի, կոռումպացված ռեժիմից»։

- Ձեր հարցի վերջից գամ՝ նախկին, թե ինչ է նշանակում այդ միֆը։ Տարիներ շարունակ մեր երկրի թշնամիները, որոնք որ արդեն մեր երկրում ունեին իրենց գործակալները, նրանց միջոցով այդ միֆերը տարածելով, ասում են, չէ՞, իբր 30 տարի թալանվել է երկիրը, 30 տարի սխալ է կառավարվել, և այլն, և այլն։ Հիմա նորից եմ ուզում հարցնել՝ արդյոք ժողովուրդը մերժեց ՀՀԿ-ի՞ն՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, թե՞ այդ 30 տարիների ձեռքբերումը։ Բանակ է կառուցվել, չէ՞, այդ տարիներին, ի վերջո։ Էսօր մենք չունենք այդ բանակը, կարելի է ասել, գրեթե չունենք Արցախը, վաղը երևի չունենանք նաև պետություն։ Հիմա ի՞նչ դուրս եկավ, ի՞նչը մերժվեց։ Այդ միֆերը կառուցվեցին, և այդ միֆերի շնորհիվ ժողովուրդն ըմբոստացավ։

- Իսկ ինչո՞ւ էիք թույլ տալիս, որ այդ միֆերը կառուցվեն, ձեր իշխանության այդ տասը տարիների ընթացքում ինչո՞ւ չէիք կոտրում այդ միֆերը, և ինչո՞ւ Սերժ Սարգսյանը 2018-ին թույլ տվեց, որ իրեն մերժեն, եթե ինքը լավ գիտեր, որ մերժում են ոչ թե իրեն, այլ, ինչպես դուք եք ասում, մերժում են մեր 30 տարվա պետությունը, պետականությունը և պատմությունը։

-Ասում եք՝ ինչու Սերժ Սարգսյանը թույլ տվեց, որ մերժեն։ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտակցում էր, թե ինչ են մերժում, ուղղակի Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ոճի մեջ չկա բռնություն կիրառել, որը էլի միֆերի միջոցով կառուցվել էր մեր շուրջը։ Շատ բռնություններ են, չէ՞, վերագրում նաև Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին։ Սերժ Սարգսյանը չգնաց այդ ճանապարհով։ Մի բան ավելացնեմ էստեղ, իմ սուբյեկտիվ կարծիքն է, եթե մենք իմանայինք, որ էսօր մեր պետությունը, մեր երկիրը էսպիսի աղետի առջև կկանգնեցնեն, ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը քայլեր կձեռնարկեր։

- Բա ասում էին՝ Սերժ Սարգսյանը հեռատես քաղաքաակն գործիչ է, շատ լավ շախմատ է խաղում, շատ լավ կարողանում է դիմացինի քայլերը կանխատեսել, Փաշինայնի այդ կարևոր քայլը չէ՞ր կանխատեսում, ի վերջո, իր իշխանության օրոք են այդ ուժերը, Ձեր ասած այդ գործակալներն աճել ու բազմացել։ Անվտանգության ծառաւյություններ և հազար ու մի լծակ ուներ այդ ամենը բացահայտելու և կանխելու։

- Ճիշտ եք ասում, Սերժ Սարգսյանը այդ բոլոր քայլերը, իհարկե, չէր կարող մինչև վերջ հաշվարկել, բայց, ունենալով համապատասխան ծառայություններ, համապատասխան ինֆորմացիա, Սերժ Սարգսյանն էլ է մարդ, ունի բարոյական բարձր հատկանիշներ, ու չէր կարող պատկերացնել, որ հնարավոր է՝ մեր ազգի մեջ լինեն այսպիսի տականքներ, որոնք կարող են տանել երկիրը կործանման։

- Փաստորեն, դուք էլ եք խաբվել։

- Միգուցե։

- Դուք այսօր մասնակցում եք «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակով ընտրություններն։ Ինչո՞ւ որոշեցիք նորից վերադառնալ քաղաքականություն և ինչո՞ւ հենց այս դաշինքի շրջանակներում որոշեցիք մասնակցել ընտրություններին։

- Նախ մենք մինչև հիմա էլ դեմ ենք, որ այս իշխանությունների հետ կարելի է գնալ ընտրություններին։ Եթե հիշում եք, մեր կուսակցությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, դեմ է եղել, որ այս իշխանությունների հետ գնանք ընտրությունների։ Բայց քանի որ այդ պահը հասունացավ, մենք չէինք կարող մեր ձեռքերը լվալ և կողքից նայել, թե ինչ է կատարվում։ Սա արդեն վերջն է։ Դրա համար մենք որոշեցինք անպայման մասնակցել այս ընտրություններին, ու ես, քանի որ հանդիսանում եմ ՀՀԿ ներկայացուցիչ, անդամ, ես երբեք իմ տեսակով, իմ էությամբ դրոշ չեմ փոխել իմ կյանքում ու չեմ էլ փոխելու։ Դա մեր տեսակն է, մենք մասնկացում ենք ու անպայման հաղթելու ենք, ամեն ինչ անելու ենք, որ այսօրվա իշխանությունը հեռանա։

 

Մանրամասն՝ տեսանյութում