Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների գիշերը, երբ արդեն սկսել էին հայտնի դառնալ առաջին արդյունքները, ու պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների առավելություն ունի, աննկարագրելի աշխուժություն ու հրճվանք սկսվեց ադրբեջանական ֆորումներում:

Ադրբեջանցի օգտատերերը հրճվանք էին ապրում այն փաստից, որ Հայաստանում կրկին Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա իշխանություն ձևավորել:

Ակնհայտ է մի բան. ադրբեջանական հասարակությունը իր՝ 30 տարվա ընթացքում Հայաստանի ու Արցախի նկատմամբ ունեցած նկրտումների չիրականացված երազանքների կատարումը կապում է Նիկոլ Փաշինյանի հետ, ու երբեք անցած ամիսների ընթացքում դա չի էլ թաքցրել:

Թե ինչո՞ւ հայ հասարակության առնվազն կեսը դա չհասկացավ ու չընդունեց, թերևս, հոգեվերլուծաբանների տիրույթում է:

Իրենց ուրախությունը չէին թաքցնում նաև Բաքվում, ադրբեջանական մյուս քաղաքներում՝ որոշ վայրերում ողջ գիշերը շարունակվող հրավառությունների տեսքով:

Անտանելի էր տեսնել նաև նույնը Արցախ աշխարհի զարդ Շուշիում, սակայն առավել անտանելի է այն, որ դրա գիտակցումը չկա հայ հասարակության մեջ:

Ըստ էության 30 տարի շարունակ գեներացված ատելության պատը փշրելը դժվարագույն գործ է, այլապես մեր ազգաբնակչությունը չէր գերադասի թուրքերի ներխուժումը նախկինների վերադարձից ու այդ ներխուժումը նրանց միջոցով կանխելուց:

Հայաստանյան ընտրություններին երեկվա իր խմբագրականում անդրադարձել է նաև ադրբեջանական haqqin.az քարոզչամեքենան: