Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո ղարաբաղյան կարգավորման եւ տարածաշրջանի «բացման» երկու հակադիր ուղղություններ են ընդգծվում։ Երեւանի, Ստեփանակերտի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի դիրքորոշումները համընկնում են, ըստ որի՝ կարգավիճակի եւ ռեգիոնալ հաղորդակցությունների հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բաքուն, Անկարան եւ Մոսկվան փորձում են արագացնել մեռելածին «եռակողմ» փաթեթի իրագործումը։

«Ի հայտ են եկել լրացուցիչ հնարավորություններ, այդ թվում արտաքին քաղաքական` ինքնորոշման մեր իրավունքի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Միջազգային հանրությունը եւ ԵԱՀԿ ՄԽ-ն դա լավ գիտակցում են»,- ասել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, բռնի տեղահանված քաղաքացիների վերադարձի ապահովումն իրենց բնակավայրեր, Արցախի միջազգային ճանաչումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով, ինքնիշխանության եւ սուբյեկտության ամրապնդումը մնում են պետական քաղաքականության առաջնահերթությունները:

ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»: Տեքստում ամրագրում են, որ Արցախի որոշ բնակավայրեր օկուպացված են Ադրբեջանի կողմից, եւ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի հարցի կարգավորման, այլ հրադադարի պարտադրանքով ստորագրված հայտարարություն է: Հայտարարության նախագիծը չմտավ ԱԺ նիստերի օրակարգ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին եւ առանձնակի ընդգծել է ԱՄՆ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ու կարևորել համանախագահության գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման գործում: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ներկայում ունենք մի իրադրություն, երբ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ գործունեությունը և այդ իրադրությունը կառավարելու գործում կարևորվում է ոչ միայն համանախագահների, այլև ԱՄՆ դերակատարությունը: Նա բարձր է գնահատել ԱՄՆ դերը հայ գերիների վերադարձման գործում։

Երեկ ԱՄՆ Նյու-Ջերսի նահանգը ճանաչեց Արցախի անկախությունը։ Դա արդեն ԱՄՆ 10-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախը։ Իսկ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկում է գալիք տարվա ֆինանսական հատկացումների փաթեթում 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը և 2 միլիոն դոլար Արցախին՝ ականազերծման համար։ Քննարվելիք օրինագիծն իր առկա վիճակում նաև արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությանն, ինչպես նաև վերահաստատում է 907 բանաձևի կարևորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադբեջանին։

Օրերս Եվրամիությունը վերականգնել է Հայաստանի հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը, հանել Հայաստանի քաղաքացիների համար արգելքը, իսկ ԵՄ երեք երկրների նախարարները այցելել են տարածաշրջան եւ ԵՄ հովանու ներքո եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձեւաչափ առաջարկել։

Մոսկվան, Բաքուն եւ Անկարան փորձում են չեզոքացնել Մինսկի խմբում Արցախի խնդրի քաղաքական կարգավորումը։ Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անհնար է առանց այդ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման, ասել է Ալիեւը։ Առաջարկում ենք Հայաստանին սահմանազատման մասին բանակցություններ սկսել, հայտարարել է նրա արտգործնախարար Բայրամովը։ «Այժմ բացառիկ հնարավորություն կա հարաբերություններ հաստատելու՝ իրագործելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միչեւ կնքված եռակողմ հայտարարությունները», ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման գործընթացն ընթանում է եռակողմ հանձնաժողովի ձեւաչափով։ Նրա արտգործնախարար Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Չավուշօղլույի հետ հանդիպմանն ասել է, որ Էրդողանի այցը Շուշի Թուրքիայի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։ Նա ասել է, որ տարածաշրջանի համար կարեւոր է հաղորդակցությունների բացումը՝ 3+3 ֆորմատի շրջանակներում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին եւ չի կարող կանխամտածված երկարաձգել դրա իրագործումը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/01/652491/