Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ կողմերը քննարկել են փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցերը ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ քննարկումը բխում է եռակողմ հայտարարության կետերից։ Եվ այն հավանաբար կապված է Ռուսաստանի՝ այդ եռակողմ հայտարարության դերակատարության հետ․«Բնականաբար սա վերաբերում է ադրբեջանական փախստականներին։ Առաջին հերթին կապված է Շուշիի հետ, որը Ադրբեջանի համար այս պահի դրությամբ հույժ կարևոր հարց է։ Դժվար թե Ռուսաստանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ որևէ բան քննարկի տեղահանված հայերի մասին։ Ռուսաստանն իր ծրագիրն է առաջ տանում ու այդ ծրագրի գլխավոր կետը ադրբեջանցիների՝ Շուշի վերադարձն է։ Դա իրենց համար այն կետերից է , որը կապված է հետագայում կոմունիկացիաների բացման ու այլ հարցերի հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ռուսաստանն առաջնահերթություն է տալիս Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին․«Եվ այն ծրագիրը, որն այսօր տարածաշրջանում իրականացվում է Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից՝ հայերի իրավունքների ոտնահարման ճանապարհով ադրբեջանցիների իրավունքների վերականգնումն է։ Այսինքն՝ ոչ սիմետրիկ կարգավորման ճանապարհն է, որին մեր քաղաքացիների մեծամասնությունն այս ընտրություններում հավանություն է տվել՝ քվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին։ Նիկոլ Փաշինյանը զգուշացրել է, որ ինքը 60 տոկոս քվե է ուզում՝ այդ ճանապարհով խաղաղություն հաստատելու համար։ Եվ հիմա, երբ այդ քվեն ինքն արդեն ունի, բնականաբար, Ռուսաստանը կարող է առաջ տանել իր մշակած ծրագիրը՝ նաև փախստականների հարցում։ Այն քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվեցին Նիկոլ Փաշինյանին, ըստ էության դեմ արտահայտվեցին Գետաշենի, Շահումյանի, Հադրութի և մյուս հայերի հետ վերադարձին։ Դա է Ադրբեջանի հետ խաղաղության գինը»։

Քաղաքագետը նշեց՝ այդ հարցերը պետք է բարձրացնի կառավարությունը, որը սակայն այսօր լիովին այլ քաղաքականություն է իրականացնում․«Այդ բոլոր մարդկանց իրավունքներն ու շահերը վաղուց հանձնված են»,-եզրափակեց նա։

Նյութի աղբյուր՝ www.1in.am