Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը մեկնաբանել է իր, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի միջև զրույցի վերաբերյալ՝ լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները։ Facebook-ի իր էջում նա գրել է․
«Որքանով ես կարողացա հասկանալ Նաիրիի հոդվածի թարգմանությունից, այնտեղ ինձ հիշատակում են այն առումով, որ իբր ես Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ քննարկել եմ Արցախը հանձնելու ծրագրերը, որ Կարապետյանն իբր ասել է, որ «եթե մի քանի հազար հայ զոհվի՝ սարսափելի չէ» և որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա ավելի լավ է չգամ Հայաստան: Եթե ես լիովին չեմ հասկանում տեքստի բնույթը, ներողություն եմ խնդրում։
Եվ այսպես, 3 տարի առաջ ինձ զանգահարեց Նաիրի Հոխիկյանը և ասաց, որ օրերս Գավառում տնտեսական համաժողով է լինելու։ Նա նշեց, որ այնտեղ ներկա կլինի վարչապետ Փաշինյանը, և ես նրա հետ ծանոթանալու հնարավորություն կունենամ։ Համաձայնեցի։
Համաժողովից հետո Գավառում տեղի ունեցավ ֆուրշետի արարողություն, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանն ու Նաիրի Հոխիկյանը: Եղել են նաև այլ մարդիկ, պարզապես ես նրանց հետ ծանոթ չեմ, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի թիկնազորը։
Այդ հանդիպման ընթացքում ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ինձ հետ Ադրբեջանում՝ Արցախ այցելելու պատճառով, Ալիևի ռեժիմի դեմ դատական հայցի մասին։ Նիկոլը կարեկցանք հայտնեց և ասաց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա կարող եմ դիմել ցանկացած ժամանակ։ Կողքին կանգնած էր Վլադիմիր Կարապետյանը և զրույցի ընթացքում նա ասաց, որ Հայաստանն ապրում է իր պատմության ծանրագույն շրջանը, գտնվում է ճնշման տակ և շրջափակումից ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար անխուսափելի են զիջումներն Արցախում։ Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է պայմանավորվել հարևանների հետ։ Նա նաև հավելեց, որ իրավիճակը կարող է փոխվել առաջիկա տարիներին, և ես պետք է հետևեմ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Վե՛րջ․ մնացած ամեն ինչ, ինչի մասին գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ ինձ հետ նման խոսակցություններ չեն տարվել։ «Հազարավոր սպանված հայերի» մասին մեջբերումը ես երբեք չեմ լսել և ինձ հետ հանդիպման ժամանակ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Վլադիմիր Կարապետյանը չեն հայտարարել այդ մասին։ Ինձ ոչ ոք չի ասել, որ եթե չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա պետք չէ գալ Հայաստան։ Եվ անկեղծ ասած՝ ո՞վ եմ ես, որ պետության ղեկավարը «հազարավոր սպանված հայեր»-ի մասին քննարկի ճանապարհորդ բլոգերի հետ։
Բնական է, որ պատերազմի ժամանակ ես չգիտեի և չէի կարող իմանալ, թե ինչ կլինի Շուշիի հետ։ Հոդվածում Նաիրին գրում է, որ ես նրան դեռ հոկտեմբերին ասել եմ, որ «Շուշին կհանձնեն, և այդ ժամանակ պատերազմը կավարտվի»։ Նման խոսակցություն մեր միջև երբեք չի եղել։ Ես վստահ էի, որ Հայաստանը կդիմակայի և մինչև վերջ հավատում էի դրան․․․»։