ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ, կոմունիստների ֆրակցիայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի հայտարարությունները վրդովմունք են առաջացրել Հայաստանի ռուսանպաստ շրջանակներում ու զլմ-ներում: «Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը։ … «այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար», «այնպես որ ծուղրուղու մի կանչեք»: «Կարծում եք, որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք», դիմելով հայերին՝ ասել է Կալաշնիկովը:

Կալաշնիկովը որեւէ նոր բան չի ասել՝ նույն այդ թեզերը քիչ ինչ այլ բառերով արտաբերել են ՌԴ առաջին դեմքերը, պետական մարմինները, բոլոր մակարդակների պաշտոնյաները: Ավելին, նրանք նույնիսկ ավելի լուրջ բաներ են ասել, օրինակ՝ Պուտինը ժխտել է հայոց ցեղասպանությունը եւ Ղարաբաղը համարել Ադրբեջանի տարածք, Շոյգուն խոստովանել է, որ թուրքերի հետ միասին Ղարաբաղում բարդ օպերացիա են իրականացրել, եւ այլն:

Այս ֆոնին, անհասկանալի է մնում, թե ինչու այդ շրջանակները չեն բողոքել նման հայտարարությունների դեմ, եւ հունից դուրս են եկել Կալաշնիկովի դեպքում: Գուցե ծուղրուղո՞ւն է ազդել, քանի որ հենց ռուսանպաստ շրջանակներն էին համոզված, որ Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է, միակ դաշնակիցը, որ շատ էր ուզում կռիվը կանգնեցնել, որ մեր սահմանները գա պաշտպանի, եւ այլն, եւ կարող էին մտածել, որ ծուղրուղուն վերաբերում է իրենց: Գումարած՝ փլվում է նաեւ այդ ողջ «գաղափարաբանությունը»:

Կալաշնիկովի հայտարարությունները վնասում են հայ-ռուսական հարաբերությունները, Ռուսաստանը կմնա առանց դաշնակից, առանց Հայաստանի հետ դաշնակցության դժվար կլինի ռուսների համար, եթե ուզում են մնան տարածաշրջանում՝ պիտի ամրապնդեն Հայաստանի հետ կապերը՝ այս եւ նման կարգի նեյնիմները վկայում են մեղմ ասած անհամարժեքության, ինչպես նաեւ Կրեմլին հիմարի տեղ դնելու մասին:

Կրեմլը իր ծրագրերն է իրականացնում Հայաստանում, որոնք անցնում են թշնամանքի սահմանը, կիրառելով հիբրիդային պատերազմի բոլոր տարրերը եւ վարելով կեղտոտ քարոզչություն, հենվելով այդ թվում նաեւ հայ ռուսանպաստ շրջանակների վրա: Թեեւ, պետք է նշել, որ այդպիսիք Հայաստանում գրեթե չեն մնացել, եղածներն էլ կամ արդեն չեն տալիս Ռուսաստանի անունը հիմար վիճակի մեջ չընկնելու համար, կամ էլ դեռ ձգում են հին դամը մի քիչ բողոքավորի դիրքերից: Դա էլ շուտով կավարտվի, եւ Կրեմլի ծուղրուղուն կհնչի հպարտ միայնության մեջ:

Աղբյուր՝ https://www.lragir.am/2021/07/20/656220/