Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա ու չի նպաստում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:

«Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն», ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստ է այդ հարցում օգնություն ցուցաբերել:

ՌԴ պաշտոնյաների համար արդեն դժվար է թաքցնել այն հանգամանքը, որ Բաքվի հարձակումները առաջնորդում է Մոսկվան, որպեսզի «սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն», այսինքն՝ Հայաստանը ճանաչի պատերազմի արդյունքն ու լեգիտիմացնի եռակողմ փաթեթը: Այլապես, չեզոք միջնորդ լինելու պարագայում Մոսկվան Բաքվի հարձակումները փաստացի չէր արդարացնի՝ կդատապարտեր ու կպահանջեր դադարեցնել: