Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան պայմանավորվել Ղրիմի կարգավիճակի հարցում, եթե Մոսկվան որպես անկախ պետություն ճանաչի Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը (ՀԿԹՀ). այս մասին Лента-ի հետ զրույցում ասել է Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը։

Նա կոչ է արել Ռուսաստանին դառնալ ՀԿԹՀ-ի ճանաչման շարժման առաջատարը, քանի որ միավորման դեպքում Կիպրոսը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչը չի համապատասխանում Մոսկվայի շահերին:

«Պարտադիր չէ, որ Ռուսաստանը միանգամից ճանաչի հանրապետությունը. բավական է չխանգարել, որ դա անեն մյուս երկրները»,- պարզաբանել է Ունալը:

Նրա խոսքով՝ այդ դեպքում Թուրքիան կհրաժարվի Ղրիմն Ուկրաինայի տարածք ճանաչելու մասին հայտարարություններից, իսկ տեղական ավիաընկերությունները կվերսկսեն ուղիղ չվերթները դեպի թերակղզի: