2021թ. օգոստոսի 6-ին՝ ժամը 12:05-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տներից մեկում մարդ է մահացել: Նույն օրը՝ ժամը 13:00-ին, հաղորդում է ստացվել նաև մահացած տղամարդու կնոջից այն մասին, որ առավոտյան իր որդին դանակով հարվածներ է հասցրել հորը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված տան հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել տղամարդու դի՝ կրծքավանդակի, պարանոցի շրջաններում բազմակի ծակած-կտրած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն նշված վնասվածքները պատճառվել է վերջինիս անչափահաս՝ 16-ամյա որդու կողմից: Պատանին ձերբակալվել է՝ հորն սպանելու կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ, առգրավվել են տուժողի և առերևույթ հանցագործություն կատարած անձի հագին դեպքի պահին եղած հագուստները:

Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: