Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրանցի գործընկեր Իբրահիմ Ռայիսի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրանական միջուկային գործարքի վերականգնման հեռանկարները: Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործման վերսկսման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ գոհունակություն են հայտնել ռուս-իրանական հարաբերությունների ձեռք բերված մակարդակից:

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռայիսին վերջին նախագահական ընտրություններում հաղթելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: