Քաղաքագետ, իրավաբան Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ դիվանագիտության 30-ամյա անցյալի ու փորձի զրոյացումը
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի վերանկախացումից հետո մինչև 2021 թվականի օգոստոսի 19-ը Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնում կամ որպես պաշտոնակատար ծառայել են 9-ը «դիվանագետներ»՝ Աշոտ Եղիազարյան (1991-պաշտոնակատար), Րաֆֆի Հովհաննիսյան (1991-1992), Արման Կիրակոսյան (1992-1993-պաշտոնակատար), Վահան Փափազյան (1993-1996), Ալեքսանդր Արզումանյան (1996-1998), Վարդան Օսկանյան (1998-2008), Էդվարդ Նալբանդյան (2008-2018), Զոհրաբ Մնացականյան (2018-2020) և Արա Այվազյան (2020-2021):
Բացառությամբ Ալեքսանդր Արզումանյանի, Արման Կիրակոսյանի և Վահան Փափազյանի նրանք բոլորն էլ իրենց բարձրագույն ուսումն ավարտել են միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության կամ դիվանագիտության մասնագիտությամբ:
Նրանք բոլորն էլ մինչև հիշյալ պաշտոնին նշանակվելը պաշտոնավարել են այլ երկրներում կամ ՄԱԿ-ում ու միջազգային կառույցներում ՀՀ դեսպանի, ներկայացուցչի կամ առնվազն հավատարմատարի պաշտոններում:
2021 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար նշանակված Արարատ Միրզոյանը ՀՀ վերջին 30-ամյա պատմության ընթացքում միակ ԱԳ նախարարն է, որ չունի ոչ մասնագիտական կրթություն և ոչ էլ համապատասխան դիվանագիտական փորձ ու անցյալ:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի գործող իշխանությունները բանակցում են խաղաղության այնպիսի մի համաձայնագրի շուրջ, որը, միանշանակ, հակասում է Հայաստանի Հանրապետության շահերին:
Հիշենք որ Արարատ Միրզոյանի նախորդը հրաժարական տվեց «որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։