Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներն այսօր հրավիրած համատեղ ասուլիսում անդրադարձան հարցին, որ Ադրբեջանը խախտում է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության ութերորդ կետը և չի վերադարձնում հայ գերիներին։


ՌԴ ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովն ասաց․ «Եթե հստակ լինենք, ապա նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսք էր գնում այն ռազմագերիների մասին, որոնք գերության մեջ էին գտնվում այդ պահին։ Այսօր ադրբեջանցիները մեծամասամբ պահում են հայ ռազմագերիների այն խմբերին, որոնք այնտեղ էին հայտնվել նոյեմբերի վերջին՝ այն բանից հետո, երբ նոյեմբերի 9-ի հայտարարությունն ուժի մեջ էր մտել։ Այդուհանդերձ, Ռուսաստանի նախագահը Ադրբեջանի ղեկավարության հետ իր կապերով և այլ մակարդակներում մենք այդ ազդանշանն ուղարկում ենք ադրբեջանական գործընկերներին՝ կոչ անելով նրանց ազատել բոլորին՝ առանց որևէ նախապայմանի։ Դա կլինի նշան վստահության, որի պակասն այսօր կա։ Մենք կշարունակենք հանդես գալ այդ դիրքերից, բայց, իհարկե, վերջնական որոշումը մեզանից կախված չէ»:


Լավրովը նշեց, որ հայկական կողմի նախաձեռնությանը՝ Ադրբեջանին փոխանցելու ականապատ դաշտերի քարտեզը, իրենք ակտիվ աջակցել են։ «Մենք կարծում ենք, որ հիմա էլ կարելի է նման ընդառաջ քայլեր անել, պարտադիր չէ կապել մեկը մյուսի հետ, այլ պարզապես բարի կամքի դրսևորմամբ ընդառաջ քայլ անել հարևանին»,- ասաց նա։


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով այս հարցին՝ նշեց, որ Հայաստանն արդեն վաղուց կատարել է իր ստանձնած պարտավորություններն այս հարցում և ազատ է արձակել բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին։ «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը ևս պետք է վերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և մյուս պահվող անձանց։ Դա կարևոր է ոչ միայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու տեսակետից, այլ նաև այն առումով, որ համատեղ վստահության մթնոլորտում արդեն հնարավոր է քննարկումների այլ փուլի անցնել՝ բոլոր հարցերի կարգավորման նպատակով։ Հայաստանը մեկ անգամ չէ հայտարարել, որ մենք կարգավորումը տեսնում ենք միայն խաղաղ բանակցությունների միջոցով»։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/08/31/664968/