ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր շնորհավորական ուղերձում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ հանձնառությունը «Ձեզ հետ աշխատելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։ Խրախուսում ենք Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում օր առաջ բովանդակային բանակցությունների վերսկսումը», ասվում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ինչ իրավիճակ է ներկայում։ Պուտին-Փաշինյան եւ Լավրով-Միրզոյան հանդիպումներին Մոսկվան վերահաստատեց իր դիրքորոշումը՝ Արցախի հարցի քաղաքական կարգավորման բանակցություններ չպետք է լինեն, Մինսկի խմբի առաքելությունը հումանիտար խնդիրներն են եւ կողմերի միջեւ վստահության հաստատումը, Արցախի խնդրի կարգավորումը նոյեմբերի 9-ի «եռակողմ» հայտարարությունն է, կարգավիճակի խնդիր չկա եւ այլն։

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեռ բաց են պահում Մինսկի խմբի շրջանակում քաղաքական կարգավորման խնդիրը։ Ռուսաստանը ՄԽ-ում մնում է այս հանգամանքը չեզոքացնելու եւ նոյեմբերի 9-ի «կարգավորումը» լեգիտիմացնելու նպատակով։ ՄԽ-ի վերաբերյալ Մոսկվայի անորոշ հայտարարությունները դրա վկայությունն են։

ՀՀ կառավարության ծրագրում ՄԽ-ում խնդրի կարգավորման վերաբերյալ անորոշ ձեւակերպումները վարչապետը բացատրում է նրանով, որ «չխանգարեն բանակցային գործընթացին, սպասելով Մինսկի խմբի առաջարկներին»։ Հետաքրքիր բացատրություն է՝ իբր Բաքուն ու Մոսկվան հակված են դրան, եւ Հայաստանի կողմից հստակ պահանջները կարող են նրանց հետ պահել։ Իսկ գուցե ՀՀ լիովին օրինական պահանջնե՞րը կստիպեն նրանց հակվել ՄԽ-ում կարգավորմանը։

Նման կերպ, ՔՊ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է, թե սեպտեմբերի 2-ին ՀՀ ղեկավարների այցը Ստեփանակերտ կարող էր վտանգի տակ դնել Արցախը։ Կամ՝ նոյեմբերի 9-ին հայտարարությունը ստորագրեցին, որովհետեւ 25 հազար զինվորի կյանքը վտանգի տակ էր։ 25 հազար զոհ տված Բաքվի ղեկավարն էր հայտարարում, թե նոյեմբերի 9-ին պատերազմը չկանգնեցնելու դեպքում իրենց կորուստներն ավելի շատ կլինեին։ Ավելացնենք՝ գուցե կորցնեին ողջ բանակը։ ՀՀ «նոր իշխանությունը» շարունակում է նախկինների պատճառաբանությունների շարքը՝ Արցախը եթե ճանաչենք, պատերազմ կլինի։ Չեղա՞վ, այն էլ երկու անգամ։

Հայկական էլիտաների նեղմիտ, երկչոտ ու մորթապաշտ պահվածքը Սեւրից մինչեւ Արցախ չի փոխվում, չնայած 100 տարվա հայրենազրկման ու անկախ պետության ոչնչացման պերմանենտ ողբերգություններին։ Մեզնից ոչինչ կախված չէ, աշխարհը մեր դեմ է, ռուսը չլինի՝ թուրքական վիլայաթ կդառնանք եւ նման այլ օտարածին-պարտադրված կաղապարները ազգային ողբերգության «գաղափարաբանական արդարացումն են» դարձել ու հայկական քաղաքական մտքի սահմանը։ Երկու ահռելի տերության՝ Ռուսաստանի ու Թուրքիայի գոյության հարցն է վճռվել ու վճռվում Հայաստանում, իրենից ոչինչ չներկայացնողի դեմ 100 տարում այդքան համատեղ արշավներ կկազմակերպեի՞ն։

ԱՄՆ-ն ու Ֆրանսիան առայժմ բաց են պահում Արցախի հարցը, ըստ էության՝ ճանաչում են Արցախը։ ՀՀ կառավարությունը պատրաստվում է «խաղաղության դարաշրջանին» եւ «ռուսական խողովակով բանակի արդիականացմանը, որը տարածք գրավելու համար չէ»։ Լիակատար քարտ բլանշ՝ թշնամական տանդեմին։ Այսինքն՝ ողբերգության հերթական փուլին։ ՔՊ-ին իշխանության բերած Հայաստան/ՊՈՒ դաշինքներն ու ՔՊ-ի օգտին քվեարկած հարյուր հազարավոր մարդիկ՝ պողպատե մանդատով․․․

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/04/665956/