Ռուսաստանը փոխել է Մինսկի խմբում իր համանախագահին, փորձելով ժամանակ շահել ՄԽ-ում քաղաքական կարգավորման բանակցության վերսկսումը թույլ չտալու համար, մինչեւ «նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում», ինչպես հայտարարել էր Լավրովը, ստորագրվեն համապատասխան պայմանագրերը Երեւանի ու Բաքվի միջեւ, ՄԽ-ին վերապահելով միայն հումանիտար խնդիրների կարգավորումը։ ՌԴ նոր համանախագահն արդեն եղել է Բաքվում, պատրաստվում է այցելել նաեւ Երեւան, «ճանաչողական այցով»։ Բաքվում հանդիպումների ժամանակ ոչ մի խոսք չի եղել Մինսկի խմբի մասին։ Ինքը Լավրովը հայտարարել է, որ ՄԽ-ում գործընթացի վերսկսման մասին խոսք չկա։

Ռուսաստանը փորձում է ապահովել «եռակողմ» փաթեթի անշրջելիությունը եւ սեփական ռազմական ներկայությունը «հայ-ադրբեջանական խորհրդային սահմաններով»։ Դա հնարավոր է միայն Հայաստանի համաձայնությամբ ու ստորագրությամբ։ ՄԽ արեւմտյան համանախագահները նոյեմբերի 9-ի հայտարարությունը չեն ընդունում որպես կարգավորում՝ վերջնական ու անշրջելի։ ՀՀ ԱԳ նախարարին ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուղերձներում ընդգծվում է ՄԽ շրջանակում Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հանձնառությունը։ Ուղերձները հետեւեցին Մոսկվայի հայտարարությանը, թե Ղարաբաղի խնդրի կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն եռակողմ փաթեթի համատեքստում։

Ռուսաստանը փորձում է ժամանակ ձգել ՄԽ հարցում՝ սեպտեմբերին տեղի են ունենալու Դումայի ընտրություններ ներքին ու արտաքին բավական բարդ իրավիճակում։ Ռուսաստանը իր իսկ քաղաքականության հետեւանքով բոլոր տարածաշրջաններում բախվել է լուրջ խնդիրների։ Լավրովն, ում անունով կոչվել է հակահայ ծրագիրը, ընտրություններից հետո թերեւս կհեռանա ԱԳ նախարարի պաշտոնից։

Հայաստանի դեմ 2020-ի աշնանը ռուս-թուրքական ահաբեկչական արշավի արդյունքները աշխարհը չի ճանաչում։ Աշխարհը չի ճանաչել նույնիսկ 100-ամյա հակահայ համաձայնությունները․ դրանք անշրջելի չեն համարվում։

Որքա՞ն է Մոսկվային հաջողվելու «ձգել ռետինը»։ Այնքան, որքան կաշխատեն հայ հանրության ու «էլիտաների» մեջ ներդրած վախերն ու բարդույթները։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2021/09/06/666109/