Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Նա Մոսկվա ժամանելուց հետո ասել է, որ կողմերը համակարգելու են իրենց դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

ԻՌՆԱ գործակալությունը մասնավորապես մեջբերել է նախարարի խոսքերը. «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և զգայուն կլինի տարածաշրջանի երկրների սահմանների հնարավոր փոփոխությունների նկատմամբ: Ակնկալվում է, որ ՌԴ-ն զգայուն կլինի տարածաշրջանում ահաբեկիչների առկայության և սիոնիստական ռեժիմի շարժումների նկատմամբ, ինչը դեմ է խաղաղությանը և անվտանգությանը: Հաշվի առնելով իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում և Աֆղանստանում, մենք լուրջ բանակցություններ կունենանք»: