Ադրբեջանը Հայաստանի սուվերեն տարածքով պետք է հաղորդակցություն ունենա Նախիջևանի հետ, իսկ Հայաստանն էլ Ադրբեջանի տարածքով պետք է հաղորդակցություն հաստատի Ռուսաստանի և Իրանի հետ։ «Առաջին ալիք»-ի հետ հարցազրույցում, խոսելով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք այն մասին, որ հաղորդակցություն կունենա նաև Թուրքիայի հետ։ Այստեղ չի կարող խոսք լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին, այլ մենք նաև միջազգային հաղորդակցությունների թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք այդտեղ գալ հնարավորինս արագ լուծումների: Ստեղծված եռակողմ աշխատանքային խումբն այս ուղղությամբ մեծ աշխատանքներ է կատարել, ուսումնասիրել, նշել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ, Բերդ-Թովուզ, Անգեղակոթ-Բիչենեք, Հորադիզ-Երասխ, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված և այլն։ «Մեր ընկալումն այն է, որ Երասխ- Օրդուբադ –Մեղրի- Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի ՀՀ-ն իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում»,- մանրամասնեց Փաշինյանը։