«Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՊՕՐԻՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՓՈՐՁԸ ՊԵՏՔ Է ԿԱՆԽՎԻ
Մետրոյի Երիտասարդական կայարանի խաղաղ բողոքի ակցիայի ավարտից հետո մեր 2 գործընկերներին բերման են ենթարկել, որոնցից Վահագն Չախալյանի նկատմամբ ցանկանում են քրեական հետապնդում իրականացնել:
ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն, հիշեցնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի մեջ որևէ հանցակազմ չի կարող լինել, նույնիսկ՝ ինքնիրավչության: Ավելին, «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածով սահմանված հավաքների անցկացման համար արգելված վայրերի ցանկում մետրոյի կայարանները նշված չեն: Հիշեցնում եմ նաև, որ Նիկոլ Փաշինյանն էլ է ժամանակին այս բողոքի ակցիան իրականացրել ու քրեական հետապնդման չի ենթարկվել:
Իսկ եթե կորոշեք շինծու քրեական գործ հարուցել, ապա տեղեկացնում եմ ձեզ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչը ես եմ»: