Հանրապետությունում սուր շնչառական հիվանդություններով ու գրիպով պայմանավորված նկատվում է հիվանդացության բարձր ակտիվություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը նշեց, որ ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկականերում, այնպես էլ հիվանդանոցներում: Բարձր ակտիվություն է նկատվում Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում, սակայն առավել բարձ ցուցանիշներ առկա են Երևանում:

«Վերջին տվյալներով ստացիոնար բուժում է ստանում 661 բուժառու, որից շուրջ 95 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են: Երևանի մանկական բուժհաստատությունների վերակենդանացման բաժանմունքում բուժում է ստանում 17 երեխա: Առավել խոցելի են 0-4 տարեկանները, նրանց մոտ հիվանդությունը ծանր է ընթանում»,-ասաց Եվգենյա Խաչատրյանը: Մշտադիտարկում իրականացվում է նախադպրոցական ու դպրոցական հաստատություններում: Հավաքագրված տվյալները ցույց են տալիս, որ բացակայությունների թիվն աճել է: