«168»-ը գրում է. «Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տոնում է ծննդյան 60-ամյակը։ Այդ առիթով նա շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից։ Բայց բոլոր այդ շնորհավորանքները հղվել են դիվանագիտական արարողակարգի շրջանակներում և հազիվ թե Ալիևի նուրբ հոգին շոյած լինեն այնքան ու այնպես, որքան Նիկոլ Փաշինյանի ոչ արարողակարգային նվերը։ Ուղիղ եթերում մատուցված նվերը։

«Խիստ պատահականորեն» հենց Ալիևի ծննդյան օրը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ասուլիս է հրավիրել, որը ծանծաղ էր ու տափակ, որքան վերջին շրջանի նրա բոլոր հրապարակային ելույթները։ Բայց այդ ասուլիսն ուներ թաքնված ուղերձ ու նպատակ․ դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանը մեկ առ մեկ, ամենայն մանրամասնությամբ, հանգամանորեն թվարկեց ու մեկնաբանեց ղարաբաղյան հարցի հետ կապված բոլոր այն թեզերը, որոնք Ադրբեջանի իշխանությունն ու քարոզչությունը թմբկահարել են վերջին տասնամյակներում՝ սկսած ադրբեջանական քարոզչության «գոհար» համարվող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերից, մինչև բանակցային գործընթացի ողջ պատմության կտրվածքով «պեղված» այնպիսի դետալներ, որոնք բխում են Ադրբեջանի շահերից։

Նիկոլ Փաշինյանը բոլոր այդ ադրբեջանահաճո դրույթները թվարկում էր այնպիսի ոգևորվածությամբ, կարծես բանակցային փաստաթղթերում յուրաքանչյուր նման արտահայտություն հանդիպելիս ապրել է երջանկության ու բերկրանքի պահեր։ Նա այդ ադրբեջանահաճո պատմությունները հյուսում էր 44-օրյա պատերազմում կրած պարտությունն արդարացնելու, իրեն որպես զոհ ներկայացնելու, սովորության համաձայն՝ իրենից բացի, բոլորին, առաջին հերթին՝ նախկիններին՝ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան, մեղադրելու համար։

Նիկոլ Փաշինյանի համար դա, իհարկե, նորություն չէ, բայց հանուն սեփական անձի արդարացման՝ թշնամի պետության տասնամյակների քարոզչական թեզերի պրոպագանդան սեփական երկրում թողնում է, մեղմ ասած, կոլաբորացիոնիզմի տպավորություն»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում: