Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանի այն քաղաքական ու հասարակական ուժերին, որոնք ռևանշիստական՝ կորցրածը հետ բերելու մտադրություն ունեն։ Վերջին հարցազրույցում ևս Ադրբեջանի նախագահն սպառնացել է, թե կոչնչացնի հայկական այդ ուժերին՝ չկարողանալով թաքցնել իր վախերը։

Հատկանշական է, որ շարունակ ռևանշիստական ուժերի դեմ պայքարի մասին են խոսում նաև Հայաստանի իշխանությունները։ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բառապաշարը նույն է։ Երկուսի թիրախում էլ կա՛մ Հայաստանի նախկին իշխանություններն են, կա՛մ ազգային ուժերը, որոնք մտածում են Շուշին, Հադրութը, Քարվաճառը վերադարձնելու մասին։

Իլհամ Ալիևը նույնիսկ չի կարողացել թաքցնել, որ վախենում է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձից, քանի որ, մեջբերում եմ․ «Они готовы в любой момент воспользоваться любой возможностью и нанести нам удар».

Այստեղ է, որ մենք պետք է գիտակցենք, թե ինչ ունենք և ինչ պետք է անենք։ Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում պետք է լինի ազգային մտածողություն ունեցող ուժերի համախմբում՝ ընդդեմ Իլհամ Ալիև-Նիկոլ Փաշինյան հակահայկական եղբայրության։ Ես նաև հասկանում եմ, որ Հայաստանում կան մտահոգություններ ու անվստահություն նախկին իշխանությունների նկատմամբ։ Ինքս աններելի եմ համարում ՀՀԿ-ի կառավարման 20 տարիների ընթացքում տեղի ունեցած կոռուպցիոն քայլերը և օլիգարխիայի աճը։ Դա բերեց երկրի իմունիտետի թուլացման և Նիկոլ Փաշինյանի նման ապազգային տարրերի ծաղկման։ Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդ, պետք է հանդես գա ուղերձով և հայ ազգից ներողություն խնդրի իր կառավարման 10 տարիների ընթացքում տեղի ունեցած սխալ արարքների համար։ Ներողություն խնդրելն ամոթ չէ։ Քոչարյանի օրոք, այո՛, եղել է կոռուպցիա, ծաղկում են ապրել օլիգարխները, անարդարությունը եղել է շատ, բայց նաև պետք է խոստովանենք, որ ուժեղ է եղել պետական ու անվտանգային համակարգը։

Եթե Քոչարյանն իր մեջ ուժ գտնի և ուղերձով դիմի ազգին, ներողություն խնդրի իր գործած սխալների համար ու խոսի իր առաջիկա կոնկրետ ծրագրերի մասին, կարծում եմ՝ նրան հավատացողներն ավելի շատ կլինեն։ Բայց մենք պետք է կարողանանք չկենտրոնանալ մեկ անձի շուրջը, այլապես ոչինչ չի փոխվի։

Ես գաղափարակից ընկերներիս հետ շարունակում եմ հանդիպել քաղաքական տարբեր ուժերի հետ և համախմբման առաջարկներ անել։ Միայն այս տարբերակը կարող է լինել իրական պայքարի արդյունավետ միջոց, ինչից սարսափում են Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Էրդողանը»։