Ալմաթիում զանգվածային անկարգությունների օրերին հանցագործները յոթ հարձակում են գործել քաղաքի դիահերձարանների վրա, որտեղից ավելի քան 40 մարմին են առեւանգել: Այդ մասին հայտնել է քաղաքի ոստիկանության վարչության պետ Կանատ Թայմերդենովը:

«Նրանք չեն թողել սպանվածներին, վիրավորներին տարել են իրենց հետ, այս օրերին յոթ հարձակում է եղել դիահերձարանների վրա, 41 զոհվածների (հանցակիցների – խմբ.) մարմին է առևանգվել», – ասել է նա:

Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են 2022 թվականի առաջին օրերին. երկրի արևմուտքում Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են հանդես եկել հեղուկ գազի գների կրկնակի աճին: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքների, ևայդ թվում՝ Ալմաթիի, հին մայրաքաղաքի և հանրապետության խոշորագույն քաղաքի վրա. այնտեղ թալան է սկսվել, գրոհայինները հարձակվել են պետական հաստատությունների վրա: Ի պատասխան ՝ իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել մինչև հունվարի 19-ը և հակաահաբեկչական գործողություն սկսել։ Երկրի գլխավոր դատախազության տվյալներով ՝ անկարգությունների հետեևանքով տուժել է 4578 մարդ, զոհվել է 225 մարդ, այդ թվում՝ 19 ուժային:

Հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ է արել կառավարությանը և գլխավորել Անվտանգության խորհուրդը։ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանի իրադրությունը որակել է որպես պետության ամբողջականության խախտում և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար»: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան ՝ երկրի իրադրությունը կարգավորելու համար:

Հունվարի 7-ին Տոկաեւը հայտարարել էր, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանած, շարունակում են դիմադրությունը և խոստացել ոչնչացնել նրանց, ովքեր զենքը վայր չեն դնի: Բացի այդ, նախագահը նշել է, որ խաղաղ պայմաններում արտահայտված քաղաքացիների բոլոր պահանջները լսվել են։

Հունվարի 13-ին հայտարարվել է ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին, խաղաղապահները (այդ թվում շուրջ 100 խաղաղապահ Հայաստանից) վերադառձել են Ղազախստանից: