«Պատերազմից հետո Արցախի միջազգային մեկուսացումը ավելի է խորացել։ Արդբեջանն այդ ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը գործադրում է, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առ այսօր Արցախ չեն այցելել, ինչը, բնականաբար, Ադրբեջանի «շնորհքն» է»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ Արցախ չեն այցելել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարները, ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատարը և մի շարք այլ պաշտոնյաներ, որոնք, պետնախարարի խոսքով, հայտարարել էին, որ պատրաստ են գալ Արցախ, նույնիսկ ժամկետներ էին նշել, բայց այդպես էլ չեն եկել։

«Ցավալին այն է, որ Ադրբեջանն արգելափակում է, և միջազային կառույցներն էլ ենթարկվում են ապօրինի, հակամարդկային այդ գործողություններին»,- նկատեց Բեգլարյանը։

«Հատկապես Ալիևի վերջին շրջանի հայտարարություններից և ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների հանդեպ ծաղրանքից հետո ժամանակն է, որ այս երկրներն արդեն միակողմանիորեն, արբիտրի սկզբունքով, առանց Ադրբեջանի կարծիքը հարցնելու, ոչ միայն այցելեն Արցախ, այլև ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը»,- ընդգծեց նա։