Այսօր` օգոստոսի 31-ին ծնվել է 20-րդ դարի ամենահայտնի հայ արձակագիրներից մեկը՝ Վիլյամ Սարոյանը:
Սարոյանը ծնվել է 1908թ. Կալիֆոռնիայում` Բիթլիսից (Արևմտյան Հայաստան) գաղթած աշխատավոր հայ ընտանիքում: 1934թ. լույս է տեսնում Սարոյանի «Խիզախ պատանին թռչող մարզաձողերի վրա» վիպակը և միանգամից ճանաչում է բերում երիտասարդ հեղինակին: Սարոյանը գրել է 1500-ից ավելի պատմվածքներ, բազմաթիվ վեպեր, վիպակներ, պիեսներ:
Սարոյանի ստեղծագործությունները թարգմանվել ու թարգմանվում են աշխարհի բազմաթիվ լեզուներով, շատ գործեր թարգմանված են հայերեն: Սարոյանը շատ էր սիրում Հայաստանը, Երևանը: Նա մի քանի անգամ այցելել է իր նախնիների հայրենիքը, որը նաև իրենն էր համարում: Առաջին անգամ 1935-ին է եղել Երևանում: 25 տարի անց` 1960-ին նա կրկին այցելել է և ուրախացած բացականչել. «...Ինձ թվում էր, թե ընկել եմ մի ուրիշ աշխարհ: Զարգացումը մեծ է, հաջողություններն` անհամար»:
Վիլյամ Սարոյանը վախճանվեց ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 1981 թվականի մայիսի 18-ին: Նրա կտակի համաձայն աճյունի մի մասը բերվել է Հայաստան և թաղվել Երևանում` Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: