Նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը, փոխանցում է УНИАН-ը, այս մասին նա հայտարարել է իր ուղերձում։

«Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացավ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը։ Բանակցություններն ընթանում էին մեր տարածքի, մեր քաղաքների ռմբակոծության ու գնդակոծության ֆոնին։ Տեսանելի էր գնդակոծությունների համաժամացումը բանակցային գործընթացի հետ: Կարծում եմ, որ այդպիսի պարզ ճանապարհով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել։ Ժամանակ մի կորցրեք: Այդպիսի մարտավարությունը մենք չենք ընդունում։ Արդար բանակցություններ կարող են լինել այն դեպքում, երբ մի կողմը մյուսին ռեակտիվ հրետանիով չի հարվածում բանակցությունների պահին»,- ասել է պետության ղեկավարը։


Նրա խոսքով՝ առայժմ Ուկրաինան չունի այն արդյունքը, որը կցանկանար ստանալ։

«Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները: Մեզնից պատասխան կետեր հնչեցին՝ պատերազմին վերջ տալու համար։ Որոշ ազդանշաններ մենք ստացանք։ Երբ պատվիրակությունը վերադառնա Կիեւ, կվերլուծենք լսածը եւ կորոշենք՝ ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլ»,- ընդգծել է Զելենսկին։