ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության նորընտիր Նախագահ Վահագն Խաչատուրյանին

Հարգելի՛ պարոն Խաչատուրյան,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով:

Դուք Հանրապետության Նախագահի պաշտոնն ստանձնում եք Հայաստանի ապագայի համար կարևոր ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում:

ՀՀ Սահմանադրությամբ Հանրապետության Նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում և իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:

Ձեր հարուստ կենսագրությունն ու փորձը, բարձր անձնական հատկանիշները վստահություն են ներշնչում, որ Նախագահի լիազորություններն իրականացնելիս կլինեք հենց այդպիսին և կնպաստեք իշխանության օրենսդիր, գործադիր, դատական թևերի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և հավասարակշռմանը:

Կրկին անգամ ընդունեք խնդրեմ իմ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները՝ մեծարգո պարո՛ն Նախագահ»: