Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել, որում նշվում է, որ արեւմտյան երկրների հետախությունները Ուկրաինայի իրենց գործընկերներին եւ բանակին տեղեկություններ են տրամադրում ռուսական զորքերի պլանների ու տեղաշարժերի վերաբերյալ։


Մոսկվան բողոքում է, որ արեւմտյան երկրները նաեւ զենք են տրամադրում Ուկրաինային։ Հարց է առաջանում՝ իսկ ինչու չպետք է տրամադրեն, սակայն սա այլ խոսակցության թեմա է։

Արեւմտյան հետախուզությունների տեղեկությունները ռուսական ծրագրերի մասին մամուլում սկսեցին հրապարակվել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից առաջ։ Նշվում էին ներխուժման հնարավոր ուղղությունները, ժամկետները, այլ մանրամասներ։ Դրանք գրեթե ամբողջությամբ հաստատվեցին իրադարձությունների հետագա ծավալմամբ։ Ուշագրավ էր ինքնին այդ տեղեկությունները մամուլին տրամադրելու հանգամանքը։

Ռուսական ներխուժումից հետո հետախուզությունները շարունակում են աշխատանքն այդ ոճով։ Ուկրաինական եւ արտերկրի մամուլում մանրամասն նկարագրվում են ռուսական կողմի սպասվող գործողությունները՝ ավիահարվածների, դեսանտի իջեցումների ժամանակ եւ տեղանք եւ այլն։

Արեւմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, ունեն հետախուզական ուժեղ ծառայությունների ցանց, որոնք կիրառում են գերժամանակակից տեխնոլոգիաներ ու միջոցներ։ Դատելով տեղեկությունների բնույթից, ակնհայտ է դառնում նաեւ անմիջապես «բունկերին» հասանելիությունը։

Մյուս կողմից, ուշադրության է արժանի երկու հանգամանք։ Բրիտանական The Times թերթի տեղեկություներով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դեմ առնվազն երեք անգամ մահափորձ է եղել կրեմլամետ Վագներ խմբավորման վարձկանների և չեչենական հատուկ ջոկատայինների կողմից։ Սակայն մահափորձերը խափանվել են Ուկրաինայի պատերազմին դեմ հանդես եկող ռուսական ԱԴԾ-ի (ՖՍԲ) աշխատակիցների շնորհիվ։ Այս տեղեկությունը հաստատել են Ուկրաինայի հատուկ ծառայությունները։

Նյութի աղբյուր՝ Lragir.am