Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը սպառնացել է մերձենալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ՝ նախագահ Ջո Բայդենին պատժելու համար, քանի որ նա հեռու էր մնում թագավորությունից, հայտնում է The Wall Street Journal-ը։

Իշխանության գալուց հետո Բայդենի վարչակազմը քննադատել է Սաուդյան Արաբիայում մարդու իրավունքների խախտումները եւ խուսափել թագաժառանգ Մուհամմեդից: Բացի այդ, Բայդենը դեռ անձամբ չի հանդիպել նրա հետ։

2021թ․ փետրվարին ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել տասնյակ սաուդցիների նկատմամբ, որոնք, ենթադրաբար, դերակատարություն են ունեցել 2018թ․ Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեջ: Թագաժառանգի վրա պատժամիջոցներն ուղղակիորեն չեն ազդել։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով սաուդցի պաշտոնյաներին, գրում է, որ հանդիպման ժամանակ արքայազնը, նրա խորհրդականները եւ նրա հայրը՝ թագավոր Սալմանը, քննարկել են, թե հետագա ինչ քայլեր կարող է ձեռնարկել Բայդենը եւ ինչպես թագավորությունը կարող է առաջ անցնել նրանցից։

Նրանք քննարկել են քաղբանտարկյալներին վաղաժամ ազատ արձակելու հարցը՝ Բայդենին հանգստացնելու համար, սակայն թագաժառանգ Մուհամմեդն ասել է, որ Սաուդյան Արաբիան պետք է սպառնա ամրապնդել կապերը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:

2021թ․ փետրվարին Սաուդյան Արաբիան ազատ էր արձակել իր ամենահայտնի քաղբանտարկյալին՝ կանանց վարորդական իրավունքների պաշտպան Լուջայն ալ-Հաթլուլին։ Նրանից հետո եւս մի քանի հոգի ազատ էին արձակվել։

Պարզ չէ, թե արդյոք թագաժառանգն իրականում սպառնացել է ԱՄՆ-ին Չինաստանի եւ Ռուսաստանի հետ մերձեցմամբ, բայց պարզ է, որ Սաուդյան Արաբիան անցյալ տարվանից ավելի է մերձեցել Չինաստանին՝ խորացնելով կապերը ռազմական, մշակութային եւ տնտեսական առումներով: