Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի Ճանապարհատրանսպորտային հանցագործություների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է ապրիլի 29-ին Երևանում՝ Դավիթ-Բեկի պողոտայում վերամբարձ կռունկի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած կռունկավարի ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ՄԱԶ-5334» մակնիշի վերամբարձ կռունկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ, 64-ամյա Ռուբիկ Խ.-ն:

Դ. Մարտիրոսյանի կողմից ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մինչև կողաշրջվելը Ռուբիկ Խ.-ն դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել Երևանի բնակիչ, 19-ամյա Ջոն Հ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Դ. Մարտիրոսյանի գլխավորությամբ հայտնաբերվել է Mercedes-ը, որը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է Պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Ռուբիկ Խ.-ի կողմից վարած տրանսպորտային միջոցը հաշվառված է «Ակսեգրուպ» ԲԲԸ-ում, իսկ Mercedes-ի վարորդը, ով երթևեկելիս է եղել սահմանված արագությամբ և թույլատրելի հատվածով, աշխատում է «Նյումեր-2021» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտոպատահարը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել էր, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել էին մոտ 15 շիրմաքարեր։