Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է մայիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։ Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:
Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ամբողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ընդ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, որը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա: Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է:
Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր): Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Մայիսին ամպրոպային գործունեությունն ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13 օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր):
Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:
– Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +18…+19°C:
– Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +17…+18°C:
– Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +9…+12°C:
– Լոռու մարզում՝ +10…+12°C, Տավուշի մարզում՝ +13…+16°C:
– Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +17…+18°C, լեռնային շրջաններում` +10…+12°C:
– Սյունիքի հովտային շրջաններում +17…+20°C, նախալեռնային շրջաններում` +11…+12°C:
– Արցախում կանխատեսվում է +17…+20°C։