ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակել է Ադրբեջանի 5 կետերին ի պատասխան Հայաստանի կողմից ներկայացված վեց կետերը:

1-ին կետում նշված է, որ մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը։
Հայաստանի Հանրապետությունը չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ:
Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։
Հայկական կողմը կարևոր է համարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները (ռազմագերիների վերադարձը, կոմունիկացիաների բացումը):
Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքացիական և Քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա։
Համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։