Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ «Պուտինին չնվաստացնելու» վերաբերյալ հայտարարությունից հետո Եվրոպական մի շարք երկրներում ու առաջատար լրատվամիջոցներում արշավ է ծավալվել, որի իմաստը Ուկրաինային տարածքային զիջումների հարկադրելն է՝ հրադադար հաստատելու եւ դիվանագիտության անցնելու համար։ Մակրոնը դարձել է այս արշավի առաջամարտիկը, Գերմանիայի կանցլեր Շոլցի ու Իտալիայի վարչապետ Դրագիի հետ առաջարկելով «կարգավորման» նոր պլան, կամ ինչպես Կիեւում են բնորոշել՝ Մինսկ 3։ Այս եռյակին կարող է միանալ Թուրքիան։ Հակաուկրաինական այս հնարավոր բլոկի մասին մեծ հրճվանքով գրում են կրեմլամետ փորձագետները։


Կրեմլը մարտի է նետել իր ողջ ագենտուրան Արեւմուտքում՝ երկրների ղեկավարներ, քաղաքական գործիչներ, հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, որոնք լծվել են «ավելի մեծ կորուստներից խուսափելու համար Պուտինին չնվաստացնելու, դեմքը փրկելու» այս արշավին, ինչն ակնհայտորեն մշակվել է ռուսական հատուկ ծառայություններում։

Միեւնույն ժամանակ, ինքնին հարցի նման դրվածքը վկայում է, որ բոլորն ընդունել են ՌԴ պարտությունը Ուկրաինայի դեմ պատերազմում։

Ֆրանսիան ու Գերմանիան էական դեր են խաղացել նաեւ 2008-ին Վրաստանի եւ 2014-15-ին Ուկրաինայի դեմ պատերազմի արդյունքները «ճանաչելու» հարցում։

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի հետ ավանդաբար սեպարատ համաձայնությունների հակված այս երկրների մտահոգությունն այն է, որ Ուկրաինայի հաղթանակից հետո Եվրոպայում զգալի վերափոխումներ են լինելու ռազմա-քաղաքական, անվտանգության ու տնտեսական ոլորտներում, եւ իրենց դերն ու ազդեցությունը կարող է կտրուկ նվազել։ Դրանով է պայմանավորված Ուկրաինային նորագույն հեռահար սպառազինության եւ այլ օգնության մատակարարումների դանդաղումը, ինչպես նաեւ Եվրամիությանը Կիեւի անդամակցության հարցում նրանց դիրքորոշումը։

Հիշվում է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո Պուտինի մեծահոգի հայտարարությունը՝ թե Փաշինյանը, Հայաստանը չպետք է իրենց նվաստացված զգան։ Պուտինը ոգեւորված էր Հայաստանի դեմ թուրքերի հետ համատեղ արշավի հաջողությամբ՝ ոչ միայն ռազմական, այլեւ «հետպատերազմյա կարգավորման» ու հայկական «իսթեբլիշմենտի» երախտագիտության ու հավատարմության հարցում։ Հայաստանում հաջողությունն էլ նրան ոգեշնչեց Ուկրաինայի դեմ արշավը սկսելու համար, որի հետեւանքը ներկայում «Պուտինի դեմքը փրկելու» ողորմելի իրավիճակն է։


Կիեւը հայտարարել է, որ չի համաձայնելու իր քաղաքական ու տարածքային զիջումների հաշվին հրադադարին։ ՀՀ իշխող ու չիշխող նոմենկլատուրան միմյանց մեջ մրցում են, թե ով ավելի արժանապատիվ կիրականացնի ռուս-թուրքական պլանը։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/05/23/718726/