«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունում: Մասնավորապես, նախաքննական մարմինն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում Զինված ուժերի պաշտոնատար անձանց:

Տեղեկացանք, որ օրերս հարցաքննության են հրավիրվել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը եւ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին այլ պաշտոնյաներ: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը նաեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից զինվորական քննչական կտեղափոխի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ դարձյալ հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նրան նախաքննական մարմինը հարցաքննելու է պատերազմի հետեւանքով հարուցված քրեական գործերի շրջանակում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանն արդեն մոտ 20 անգամ հրավիրվել է նախաքննական մարմին՝ հարցաքննության, իսկ Օնիկ Գասպարյանը մոտ 10 անգամ է հրավիրվել հարցաքննության: Առաջիկայում ուշագրավ բացահայտումներ ու կալանավորումներ են սպասվում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում