Ռուսական բանակն այսօր առավոտից մի քանի հրթիռ է արձակել Կիեւի բնակելի շենքերի վրա, կան զոհեր եւ վիրավորներ։ Ըստ Ուկրաինայի ՊՆ հաղորդագրության, հրթիռներ են արձակվել նաեւ Կասպից ծովից, դրանք հեռահար ճշգրիտ հրթիռներ են։

Այսօր հրթիռակոծվել են ուկրաինական բազմաթիվ քաղաքներ։ Արդեն մի քանի օր ռուսական բանակը հարվածում է բնակելի թաղամասերին ու թիրախավորում խաղաղ բնակչությանը, ըստ փորձագետների՝ Արեւմուտքին եւ Ուկրաինային իր պայմաններով հրադադար հարկադրելու համար։ Կրեմլում մտավախություն ունեն, որ արեւմտյան հեռահար զենքի մատակարարումները կարող են փոխել իրավիճակը ռազմաճակատում, իսկ պատժամիջոցների ավելի ու ավելի խորացող հետեւանքները կարող են ներքին ցնցումների պատճառ դառնալ։

Կրեմլի վարչակարգն անցել է բոլոր սահմաններն ու կարմիր գծերը, իր գործողություններով անհնար դարձնելով որեւէ հրադադար ներկայիս փուլում։ ՌԴ գործողություններն Ուկրաինայում մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչել են որպես ցեղասպանություն, բացի այդ՝ ՌԴ-ն կարող է ճանաչվել որպես ահաբեկչությանն աջակցող պետություն։ Եվրոպայում «Պուտինի դեմքը փրկելու» Շոլց-Մակրոն փորձերը հօդս են ցնդում ռուսական ռմբակոծություններից հետո․ դեմք այլեւս չի մնացել։ Բոլորին է պարզ, որ թիրախներն ընտրում եւ հրամաններն տալիս է անձամբ Պուտինը․ հատկանշական է, որ այս գիշեր, նախքան Կիեւի հրթիռակոծումը, Պուտինը շտապ ժամանել էր Կրեմլ։

Գերմանիայում սկսում է G7 վեհաժողովը, որտեղ արեւմտյան առաջնորդները միասնություն են հայտնել Ուկրաինային աջակցությունը շարունակելու հարցով։ Դրան հաջորդելու է ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որը կարող է Ուկրաինային նոր որակի սպառազինության ինտենսիվ մատակարարումների սկիզբը դառնալ։


Ուկրաինայի ԱԳ նախարար Կուլեբան Թվիթերի իր էջում գրել է․ «Այս յոթամյա ուկրաինացի երեխան հանգիստ քնած էր Կիևում, մինչև ռուսական թեւավոր հրթիռը պայթեցրեց նրա տունը: Մեծ յոթնյակի վեհաժողովը պետք է պատասխանի Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցներով և Ուկրաինայի համար ծանր սպառազինությամբ: Իմպերիալիզմով հիվանդ Ռուսաստանին պետք է հաղթել»։

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2022/06/26/725321/