ԱԺԲ անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Արմեն Գրիգորյանին ծանոթ էի շատ հպանցիկ: Երբ հայկական քաղաքական դաշտում, չլինելով նախկինների մաս, առաջինը սկսեցի խիստ սուր քննադատել փաշինյանական ռեժիմը, Գրիգորյանը մի քանի անգամ ինձ պատահաբար հանդիպելիս գովասանքի և գնահատանքի խոսքեր ասաց: Այդքանը: 

Հետո, իհարկե, հայտնվեցինք թշնամական ճամբարներում: Իր հետապնդած օրակարգը մեղմ ասած` մեծապես անընդունելի է համարում Բևեռը: Ինքն էլ մեզ էր ատում: Վստահաբար: 

Արմեն Գրիգորյանի մասով հայտարարություն Բևեռն այսօր արել է: Եվ դա անաչառ` հանգուցյալի հանդեպ` արդեն հանգուցյալ լինելու հանգամանքով պայմանավորված` հարգալից, բայցև ողջ իրականությունն արտահայտող հայտարարություն է:
Եվ այստեղ ես դրան չեմ անդրադառնա: 

Կուզենամ մեկ այլ կարևորագույն հանգամանք շոշափել:
Արմեն Գրիգորյանի` թեքվելու պահին արդեն ակնհայտ է, որ նա ոչ թե ուշագնաց է լինում, այլ` հավանաբար սրտի կանգ է ունենում` cardiac arrest. 

Իհարկե, առողջապահական գիտելիքներից դարերով հեռու հայ հասարակությունում դա չէին կարող հասկանալ կամ կասկածել: Գուցե ոչ միայն հայ հասարակությունում:
Բայց այն, որ նման ճգնաժամ ապրող մարդուն փորձում են «հով անելով», երեսին ջուր շփելով, ականջին բարձր գոռալով` իբր արթնացնել և այն էլ` նստած վիճակում` զարհուրելի, աններելի տգիտություն է և քարեդարյան մակարդակի մասին է վկայում:
Եվ դահլիճում հազիվ գտնվեց մեկը, որ մտածեց պառկեցնելու մասին: 

Միաժամանակ` ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չմտածեց և վստահ եմ` չգիտեր, որ նման իրավիճակում առաջին հերթին վերակենդանացման պարզ միջոցառում են կիրառում` CPR, այսինքն` երկու ձեռքով ճնշումային սեղմումներ են կատարում կրծքավանդակին և միաժամանակ` բերանից բերան փորձում օդ մղել թոքեր: 

Հաճախ` վայրկյաննների ընթացքում արվող այդ գործողությունն է, որ կյանքեր է փրկում և վերաաշխատեցնում կանգ առած կյանքը: Ոչ միշտ, բայց հաճախ: Ու դժվար է ասել, թե կհաջողվե՞ր արդյոք փրկել Գրիգորյանին, թե ոչ: Բայց չփորձելն ինքնին սոսկալի տգիտության մասին է վկայում: Սրտի կանգի պայմաններում ուղեղի բջիջները սկսում են անդառնալիորեն մեռնել տասնյակ վայրկյանների ընթացքում և արագ արձագանքումն է միայն, որ հիվանդին ապրելու շանս է տալիս: 

Բացի դա` նորմալ երկրների դատարաններում կամ դրանց հարևանությամբ նման դատաքննությունների ժամանակ փրկարարական-շտապօգնության խմբեր են հերթապահում: Հենց այսպիսի դեպքերի համար:
Արմեն Գրիգորյանի կողքին մի քանի տասնյակ մարդ կար, բայց ոչ մի գրագետ, CPR-ի մասին իմացող ոչ մի մարդ չկար: 

Նորմալ երկրներում ընդհանրապես ոստիկաններն ու դատական կարգադրիչները, քրեակատարողական հիմնարկների աշխատողներն ու բոլոր ուժայիններն ընդհանրապես նախքան աշխատանքի անցնելը` վերակենդանացման հատուկ կուրսեր են անցնում և քննություններ հանձնում: Եվ ոչ Հայաստանի պես` միայն հանուն ռեժիմին որպես ջարդարար ծառայելով մի քանի դրամ աշխատելու` գյուղական բանվորից սահուն վերափոխվում ոստիկանի, կարգադրիչի կամ այլ հրոսակի: 

Գրիգորյանի մահվանը նպաստող հանգամանք կարող էր լինել նաև սաստիկ շոգի պայմաններում անմարդկայնորեն շոգ խորհրդային ՈւԱԶ-ով տեղափոխումը (եթե, իհարկե, դրանով են տեղափոխել, որ շատ հավանական է), որի խցիկում ջերմաստիճանն անտանելի բարձր է լինում, իսկ ջերմային տատանումը կարող է մեծ ծանրաբեռնվածություն ստեղծել սրտի վրա: 

Բայց դա կարող էր անառողջ մարդու սրտի կանգի պատճառ հանդիսանալ և ոչ անպայմանորեն` դրան անմիջապես հետևած մահվան: Տեսականորեն, սպեկուլյատիվ դաշտում` գուցեև հնարավոր կլիներ մեղադրյալին փրկել, եթե դահլիճում գեթ մեկ գրագետ մարդ լիներ: Բացառված չէ նաև, որ ոչինչ էլ չօգներ: Բայց փորձել և փորձել անմիջապես` ներկաները, հատկապես` իբրև թե իրավապահները, պարտավոր էին:
Պետությունը մեռած է Հայաստանում: Այն չի էլ վերածնվել: Լավ աշխատում են միայն դավաճանության և պետականակործանման, ինչպես նաև բռնարարքների և քաղաքական հալածանքների ու խեղդման, նաև ֆինանսական ու հարկային կեղեքման պետական մեխանիզմները: 

Հասարակությունը տգետ է, նախնադարյան, ամոթալիորեն հետամնաց ու մեծամիտ:
Եվ այդպես էլ այս հասարակությունը հանձնում է սեփական երկիրը թշնամուն ու անգամ չի էլ գիտակցում, որ երկրի կանգ առնող սիրտը ինքը հաստատ կարող է վերագործարկել, որ երկրի մահվանը հով անելով կամ ջուր շփելով և հետո տներով գնալով չեն արձագանքում: 

Տգիտությունն ու հիմարությունը կերել են մեզ: Ինչպես անհատները դրա արդյունքում փրկվելու շանս չունեն, այնպես էլ` երկրները»: