էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 18 մանկապարտեզներից ևս մեկը հանձնվեց շահագործման: Նախակրթարանում փոքրիկների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: Այս մասին տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանից:

«Հերթական էներգաարդյունավետ և սեյսմակայուն մանկապարտեզն ենք հանձնում շահագործման, որը Երևանը ոչ սուվերեն վարկով է հիմնանորոգել: Ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, մենք արդեն քննարկում ենք երկրորդ փուլով նոր մանկապարտեզների նորոգման հարցը և ակնկալում, որ մինչև տարեվերջ կառավարության աջակցությամբ պայմանագիր կստորագրենք և հնարավորություն կունենանք ևս 14 մանկապարտեզ հավելյալ հիմնանորոգել, ինչպես նաև 4 պոլիկլինիկայում աշխատանքներ տանել: Այս ամեն ինչն ուղղված է մեր համաքաղաքացիների բարեկեցության ապահովմանը»,- նշել է Երևանի քաղաքապետը։


Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից և Երևան համայնքի բյուջեից: Թիվ 49 մանկապարտեզի վերակառուցման աշխատանքների արժեքը կազմում է 400 մլն ՀՀ դրամ:

«Մենք շատ սերտ և արդյունավետ համագործակցություն ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի հետ՝ էներգարդյունավետության ոլորտում, և այս գեղեցիկ մանկապարտեզը հրաշալի օրինակներից մեկն է: Մենք համագործակցում ենք տնտեսական և ներդրումային ծրագրերի շրջանակում, ինչպես նաև այսպես ասած` կանաչ նախաձեռնությունների իրականացման առումով, որտեղ ունենք, օրինակ, կանաչ ավտոբուսների ծրագիրը: Ուրախ եմ այս ամենի համար, ինչի արդյունքում մեր նպաստը կբերենք քաղաքացիներին»»,- նշել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Մեր ջանքերը շարունակական են լինելու, մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն Երևանում, էներգաարդյունավետությամբ մենք զբաղվելու ենք ամբողջ Հայաստանի տարածքով մեկ: Շենքը, իհարկե շատ գեղեցիկ է, նաև շուրջ 50% էներգիա է խնայելու: Երեխաները շատ ավելի հարմարավետ կեցավայր են ունենալու, խաղալու են տաք ու նաև ջերմ միջավայրում, և ես շատ ուրախ եմ, որ ՄԱԶԾ-ն կարողացել է իր նպաստը նույնպես բերել այս ծրագրի իրականացման գործում»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

80-ական թվականներին կառուցված թիվ 49 մանկապարտեզը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել: 2020թ.-ի տարեվերջին մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում շուրջ 270 փոքրիկների համար ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ:

Ծրագրի շրջանակում մանկապարտեզում տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, LED լուսատուներ, իրականացվել են նաև դռների ու լուսամուտների փոխարինում, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազեն CO2 գազի արտանետումները: Որպես կարևոր բաղադրիչ` առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:

«Ես շատ ուրախ եմ լինել այստեղ և տեսնել այս նոր մանկապարտեզը, այն, իհարկե, շատ գեղեցիկ և թարմ տեսք ունի, և ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ այն նաև էներգաարդյունավետ է, քանի որ իրականացվել են վերականգնող էներգետիկային ուղղված մի շարք միջոցառումներ, և իհարկե դուք գիտեք, որ ջեռուցումը, տաք ջրամատակարարումը շատ կարևոր են, որովհետև դրանք ավելացնում են հարմարավետության մակարդակը»,- ընդգծել է ԵՆԲ տարածաշրջանային ղեկավար Մաչեյ Չուրան:

«Դուք գիտեք, որ շատ դոնորներ են ընդգրկված այս ծրագրում, Դուք տեսնում ենք նրանց բոլորի դրոշները, որոնք փաստում են, թե վստահության ինչպիսի մակարդակ ունեն այս երկրները Հայաստանի ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի նկատմամբ: Ծրագիրն իրականացվել է Եվրոպական ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, և մենք տեսնում ենք, թե ինչպիսի արդյունքների ենք հասել»,-նշել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանատան պատվո հյուպատոս Թիմ Սթրեյթը:

«Այս պահին մենք ունենք 25 մանկապարտեզ, որոնք շինարարության փուլում են, միգուցե աշխատանքները մի փոքր դժվարություններ են առաջացնում մեր քաղաքացիների համար՝ չգիտեն որտեղ երեխաներին տանեն մանկապարտեզ, բայց մենք պետք է համատեղ հաղթահարենք այդ դժվարությունները, որպեսզի մեր երեխաները կարողանան մեծանալ բարեկեցիկ և լավ միջավայրում»,- նկատել է Հրաչյա Սարգսյանը: