«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհը դեռ չի մարվել։

NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։


Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նշենք, որ քիչ առաջ դեպքի վայր է ժամանել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով կա 5 զոհ, որից մեկի ինքնությունը պարզված չէ, վիրավորների թիվն անցնում է 6 տասնյակից։

Ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռվնել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) և 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) հատկանիշներով։