Ռուսաստանը կողմ է իր դաշնակիցների եւ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների շարունակմանը։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Բանակ-2022» ֆորումի բացման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես եւ նախկինում, մենք մեր դաշնակիցներին եւ գործընկերներին հրավիրում ենք մասնակցելու համատեղ հրամանատարաշտաբային եւ այլ տեսակի զորավարժություններին»,- ասել է նա։ Պուտինը նշել է, որ մարտական ​​պատրաստության բարդ առաջադրանքների մշակումը կարեւոր է ռազմական հմտությունների եւ ռազմական հրամանատարության ու վերահսկման որակի բարելավման, ստորաբաժանումների եւ կազմավորումների մարտավարության եւ կարգավորվածության բարելավման համար։


«Համոզված եմ, որ զարգացնելով լայն ռազմատեխնիկական համագործակցությունը, միավորելով մեր ջանքերն ու ներուժը, մենք կկարողանանք հուսալի անվտանգություն եւ կայունություն ապահովել ինչպես մեր երկրների, այնպես էլ ամբողջ աշխարհի համար», - ընդգծել է ՌԴ Նախագահը։

«Մենք բարձր ենք գնահատում այն ​, որ մեր երկիրը բազմաթիվ դաշնակիցներ, գործընկերներ, համախոհներ ունի տարբեր մայրցամաքներում։ Դրանք պետություններ են, որոնք չեն ընկրկում այսպես կոչված հեգեմոնի առջեւ։ Դրանց առաջնորդները իսկական առնական բնավորություն են դրսեւորում եւ չեն ընկրկում»,- ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ այդ պետություններն ընտրում են զարգացման ինքնիշխան, անկախ ուղին, նրանք ցանկանում են հավաքականորեն լուծել գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ միջազգային իրավունքի, փոխադարձ պատասխանատվության եւ միմյանց շահերի հիման վրա։