«Սուրմալու» առեւտրի կենտրոնում երկու օր առաջ տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով փլատակների տակ մնացած քաղաքացիներին որոնելու աշխատանքները շարունակվում են։

Պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված տասը քաղաքացու ինքնություն առայժմ պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան՝ ծնված 1964թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան՝ ծնված 1967թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան՝ ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան՝ ծնված 1960 թ․ եւ Գայանե Արտավազդի Ավետիսյան՝ ծնված 1966 թ.։


Նշենք, որ հիվանդանոցներ է դիմել 60 քաղաքացի, որոնցից 12-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացած 48-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել։

Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության 171 հրշեջ-փրկարար, 6 հրշեջ եւ 1 փրկարարական տեխնիկա, 2 ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, ԱԹՍ մասնագիտացված եւ կինոլոգիական, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, Շիրակի եւ Տավուշի քաղաքային որոնողափրկարարական թիմերը (համապատասխանաբար` 44 եւ 40 փրկարարներով), Ռուս-հայկական կենտրոնից՝ 2 փրկարար եւ 1 հրշեջ տեխնիկա, 30 կամավոր «ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունից եւ 102 կամավոր՝ «Կարմիր Խաչ» մարդասիրական կազմակերպությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են 4 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավվել են նաեւ քաղաքապետարանի 10 տրակտոր, 16 բեռնատար ինքնաթափ, 2 ջրատար, շտապօգնության 3 բրիգադ, 1 դի տեղափոխող ավտոմեքենա եւ 2 ավտոկռունկ։

Այս պահին որոնվում է 18 քաղաքացի։

1․ Արամ Հայրապետյան (ծնված 1981 թ․)

2․ Մարատ Շահբազյան

3․ Սիրարփի Խաչատրյան

4․ Մարիամ Խաչատրյան

5․ Հարութ Գարաքյան

6․ Գագիկ Կարապետյան

7․ Արտավազդ Հայրապետյան

8․ Էռնա Գրիգորյան (ծնված 1980 թ․)

9․ Հրաչյա Սարգսյան (ծնված 1976 թ․)

10․ Վաչագան Եղոյան (ծնված 2000 թ․)

11․ Վանիկ Ամիրխանյան

12․ Կսենիա Բադալյան (ծնված 1981 թ․)

13․ Արամ Հարությունյան

14․ Դավիթ Մխիթարյան

15․ Մելինե Տալոյան (ծնված 1997 թ․)

16․ Լյուբա Գրիբովա (ՌԴ քաղաքացի, ծնված 1959 թ․)

17․ Մեհրի Թահերի (ԻԻՀ քաղաքացի)

18․ Գեղամ Պետրոսյան (ծնված 1985 թ․)

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։