Փլատակների մաքրման աշխատանքների 90 %-ն ավարտված են։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, ասաց ԱԻՆ փոխնախարար Դավիթ Համբարյանը։

«Մենք հիմա բացառապես կենտրոնացած ենք փրկարարական աշխատանքների վրա։ Կանգնուն մնացած հատվածին կա հարակից մի հատված, որտեղ դեռեւս փլատակներ կան։ Հավանական է, որ այդտեղ է փնտրվող քաղաքացին։ Մնացյալ հատվածն էլ անելուց հետ կարձանագրենք, որ մնում է շինության հարցը, որն իրենից անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանք չի ներկայացնում, եւ հետեւաբար՝ միայն ԱԻՆ-ի կողմից չի արվելու դա։ Գուցե նաեւ տարածքի սեփականատերերի միջոցով արվի։ Կարծում ենք, որ օրվա ավարտին կկարողանանք ավարտել աշխատանքները»,- նշեց փոխնախարարը։

Դավիթ Համբարյանի խոսքով՝ ամենամեծ դժվարությունը ստեղծում է շենքի վթարային վիճակը, որովհետեւ այնտեղ մուտք գործելու վտանգներ կան․ «Շենքից նաեւ կախված են մեծ կոնստրուկցիաներ, որոնք պետք է առանձնացնել, որ հարակից հատվածը տեսադիտարկման միջոցով փորձենք հասկանալ՝ չնայած միայն դա բավարար չի լինի»։