Եվրոպական խոհրդարանի առաջատար պատգամավորները Հայաստանի ուղղությամբ ադրբեջանական հարձակման առնչությամբ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակումը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Հայտարարությամբ են հանդես եկել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը, ԵԽ Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն:


«Մենք ամենախիստ կերպով դատապարտում ենք լայնածավալ ռազմական բախումները, որ երեկ երեկոյան բռնկվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի և Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում։ Մենք ցավում ենք զոհերի մեծ թվի համար»,-շեշտել են պատգամավորները:

Նրանք կողմերին կոչ են արել լիարժեքորեն հարգել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

«Հատկապես կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել իր հարձակումը, հետ բերել զորքերը իրենց ելման դիրքերը և լիովին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Քաղաքացիական բնակչության կառույցների և ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումները միանշանակ անընդունելի են։ Պետք է ամեն գնով խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հետագա էսկալացիայի»,- շեշտել են ԵԽ պատգամավորները:

Նրանք ռազմական գործողությունների վերսկսումը հատկապես վտանգավոր են համարել այս պահին, քանի որ, իրենց գնահատմամբ, այն վտանգում է խաղաղության հավանական համաձայնագրի ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ունեցած առաջընթացը: Պատգամավորները հիշեցրել են, որ երկու երկրների ղեկավարները երկու շաբաթ առաջ հանդիպել են Բրյուսելում և պայմանավորվել ակտիվացնել աշխատանքը՝ համաձայնագրի նախագծի ուղղությամբ:

Ըստ նրանց՝ կա պատմական շանս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ամուր և կայուն խաղաղության հասնելու համար, և այն չպետք է բաց թողնել: «Ուստի մենք խստորեն կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել առարկայական բանակցությունները՝ ԵՄ-ի, մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո և միջնորդությամբ»,-նշել են նրանք:

Պատգամավորները վերջում ընդգծել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և երկարատև խաղաղ կարգավորման հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով, անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան քաղաքական կարգավորում: